Սոչիում այսօր կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առանձնազրույցը շարունակվեց մոտ մեկ ժամ:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ Պուտինն ու Փաշինյանը նաև լրագրողների առջև կարճ խոսքով հանդես եկան, Ռուսաստանի առաջնորդը շնորհավորեց Փաշինյանին, բայց թավշյա հեղափոխությանը չանդրադարձավ․ - «Թույլ տվեք նաև անձամբ շնորհավորել Ձեզ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտնում ընտրվելու կապակցությամբ: Մեր դիրքորոշումը, կարծում եմ, բոլորին հայտնի է, մենք Հայաստանը համարում ենք Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերը տարածաշրջանում: Սա վերաբերում է թե՛ տնտեսական զարգմացմանը, թե՛ անվտանգության խնդիրներին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերը: Վերջին շրջանում նկատվում է նաև ապրանքաշրջանառության աճ, սա շատ լավ միտում է, և հուսով եմ, մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել սա, այլև կրկնապատկել»:
Ռուսաստանի նախագահը հատուկ կարևորեց միջազգային կառույցներում Երևանի և Մոսկվայի համագործակցությունը․ Սերժ Սարգսյանի օրոք, հիշեցնենք, Հայաստանը որպես կանոն Ռուսաստանին էր պաշտպանում՝ սկսած Ղրիմի հարցից մինչև Սկրիպալի դեմ մահափորձը:
«Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչև այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման ոլորտներում», - նշեց Վլադիմիր Պուտինը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պուտինին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, վստահեցրեց՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն իր իշխանության օրոք կամրապնդվեն․ - «Շատ հաճելի է, որ վարչապետ նշանակվելուց տառացիորեն մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ հետ, քանի որ, կարծում եմ, քննարկելու հարցեր կան: Բայց ինչ-որ բան էլ կա, որ քննարկման կարիք չունի․ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն են: Կարող եմ հավաստիացնել, որ այս հարցում Հայաստանում կա կոնսենսուս: Որևէ մեկը երբեք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի էլ դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը: Մենք տրամադրված ենք, մեծ էներգիա կա նոր խթան հաղորդելու մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում»:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև թավշյա հեղափոխության օրերին պաշտոնական Մոսկվայի կեցվածքին․ - «Շատ բարձր ենք գնահատում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ Ռուսաստանը ցուցաբերեց մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում: Կարծում եմ, դա շատ կառուցողական դիրքորոշում էր և շատ բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության կողմից, այլ նաև հայաստանյան հասարակությունում»:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը որոշ ժամանակ էլ բանակցեցին փակ դռների հետևում:
Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետը հանդիպումներ անցկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Բացառություն էր միայն Եվրասիական միության անդամ Ղազախստանը, որի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպում տեղի չունեցավ:
Արդեն Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին Վլադիմիր Պուտինը միության անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ նորից հատուկ ողջունեց Նիկոլ Փաշինյանին:
Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ Եվրասիական խորհրդի նիստում՝ ասելով․ - «Հայաստանում խաղաղ իշխանափոխություն է տեղի ունեցել, ինչի մասին, կարծում ենք, լավ իրազեկված եք: Մենք արդեն Կառավարություն ենք ձևավորել, որի ծրագիրը կոնեցպտուալ առումով չի նախատեսելու արտաքին քաղաքականության ռևերսներ: Հաստատում եմ Հայաստանի միջազգային պարտավարությունների կատարումը այդ թվում Եվրասիական տնտեսական միությունում»:
Ի դեպ, Ռուսաստանի հայերը Նիկոլ Փաշինյանի երեկ դիմավորեցին ոգևորությամբ, նորընտիր վարչապետը ելույթ ունեցավ Ադլերում հավաքված հայերի առջև․ - «Սրանից հետո դուք լինելու եք հաղթող, հայ ժողովուրդը՝ հաղթող: Եվ հայ ժողովուրդը ի վերջո վերադառնալու է իր հայրենիք․․․ Ես Ռուսաստանի բոլոր հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան և անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր: Որովհետև հիմա արդեն սա նոր Հայաստան է, հիմա արդեն սա ուրիշ Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո»: