Մատչելիության հղումներ

Սոչիում այսօր կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Սոչիում այսօր կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը, մինչ այդ նրանք շփվել են հեռախոսով։

Պուտինի մայիսի 8-ին, հիշեցնենք, հեռախոսով շնորհավորել էր Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Հանդիպման նախօրեին Ռուսատանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը, խոսելով հանդիպման օրակարգի մասին, մասնավորապես ասել է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր։

Ուշակովը նշել է, որ սա երկու երկրների նախագահների առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ երկու երկրների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ։

«Չեմ կարծում, որ երկկողմ հարաբերություններին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն, մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են՝ հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հայտարարությունները», - նշել է Ուշակովը։

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հավանաբար նաև Ղարաբաղյան խնդիրը, հատկապես բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության անհրաժեշտության մասին մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանի արած հայտարարություններից հետո։ Ռուսաստանը, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Սոչիում այսօր մի քանի ժամից մեկնարկելու է Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը։ Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են նաև Փաշինյանի մասնակցությամբ այլ երկկողմ հանդիպումներ։ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, մասնավորապես, հայտարարել էր, թե պատրաստվում է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ։

Հավելենք, որ Մոլդովան այսօր պետք է ստանձնի Եվրասիական տնտեսական միության դիտորդի կարգավիճակ։

Հայաստանի վարչապետը Սոչի է ժամանել երեկ ուշ երեկոյան և արդեն հասցրել է հանդիպել Սոչիի հայ համայնքի հետ, նույնիսկ ելույթ ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավաքված ռուսաստանաբնակ հայերի հավաքին՝ կոչ անելով նրանց վերադառնալ Հայաստան։

Հայերը մեծ խանդավառությամբ են դիմավորել Հայաստանի նորընտիր վարչապետին։ Եկեղեցու բակում Փաշինյանին դիմավորելու համար, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով, 400-ից ավելի մարդ էր հավաքվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG