Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպումներ է ունեցել Տիգրան Սարգսյանի, Իգոր Դոդոնի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին:

Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի վարչապետը երկկողմ հանդիպում է ունեցել նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և ընդգծել է, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարևորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով Մոլդովայում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը:

Դոդոնը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:

Այսօր Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG