Այսօր փակ են եղել մարզերից Երևան բերող գրեթե բոլոր ավտոճանապարհները

Աբովյան, Նոր Հաճըն, Հրազդան, Սևան տանող ճանապարհների երթևեկելի հատվածներում հանդիպում էինք ճանապարհների լայնքով կանգնած բեռնատար մեքենաներ, անգամ՝ վերաբարձ կռունկ:

Բոլորի պահանջը մեկն էր՝ ՀՀԿ-ն Ազգային ժողովում մեծամասնություն չպետք է կազմի, ՀՀԿ-ն պետք է հրաժարական տա:

«Իրանց ընտրությունների խափանումը նոր ա սկսվում: Որ յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր անձ ստեղ կանգնած մինչև վերջ պայքարելու ա: Նիկոլը ըլնի մեր կողքին, Պողոսը ըլնի մեր կողքին, ով ուզում ա ըլնի մեր կողքին՝ էս ժողովուրդը պայքարելու ա մինչև վերջ», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը:

Հրազդան մտնող ավտոճանապարհը տարբեր հատվածներից նույնպես փակ էր: Հարզդան քաղաքի կենտրոնում գտնվող Կոտայքի մարզպետարանի շենքում է տեղակայված նաև Հարզդանի քաղաքապետարանը: Շերեփ-կաթսաներով քաղաղաքապետարանի առաջ դուրս եկած ցուցարարներն «Ազատությանն» ասացին, որ նաև Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանեիլյանի հրաժարականն են պահանջում․ - «Եթե մենք պահանջում ենք Հանրապետական կուսակցության հրաժարականը, դա ինքնաբերաբար բերում է նաև այդ պահանջին՝ քաղաքապետի հրաժարականի պահանջին, որովհետև նա, բացի Հրազդանի քաղաքապետ լինելուց, նաև Հանրապետականի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է»:

Բեռնատար մեքենաներով ու վերաբարձ կռունկով Սևան-Երևան միջպետական ավտոճանապարհը փակած սևանցիները զայրացած էին Ազգային ժողովի երեկվա քվեարկության արդյունքներից: Նրանցից շատերը քննարկումներին հետևել են Հանրապետության հրապարակում:

«Ազատության» հետ զրույցում ասացին, որ մինչև վերջին պահը հույս ունեին, որ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին կքվեարկի:

Աբովյան, Նոր Հաճըն, Հրազդան, Սևան տանող ավտոճանապարհները փակած քաղաքցիներն ասացին՝ ամեն օր վաղ առավոտից փակելու են փողոցները՝ մինչև ՀՀԿ-ն հրաժարական չտա: