Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցները փակ են


Այսօր վաղ առավոտից փակվեցին մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները:

Քաղաքացիները, անսալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչին, վերսկսեցին բողոքի ակցիանները՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման։

«Փողոցները փակվելուց հետո Երևանի տրանսպորտը դադարեցրեց աշխատանքը», - «Ազատությանը» փոխանցեց «Երևանտրանս» ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանը: Նշենք, որ ավելի ուշ, երբ մայրաքաղաքում բացվեցին ճանապարհները, Քալաշյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում հասարակական տրանսպորտի երթևությունը վերականգնելու ուղղությամբ:

Բողոքի ակցիայի մասնակիցները, օրինակ, թույլ չտվեցին, որ թիվ 26 երթուղու ավտոբուսը շարունակի ճանապարհը։ Վարորդը ստիպված կանգնեցրեց ավտոբուսը, ուղևորների մի մասը ոտքով շարունակեց ճանապարհը, մյուսները միացան փողոցները փակած ցուցարարներին։

Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցները փակած ցուցարարներին ոստիկանությունը տևական ժամանակ հորդորում էր բացել փողոցը՝ պնդելով, որ նրանք հասարակական կարգ են խախտում։ Քաղաքացիները, սակայն, անդրդվելի էին, և թույլ էին տալիս անցնել միայն շտապօգնության ավտոմեքենաներին և նրանց, ովքեր բժշկի էին գնում։

Այսօր վաղ առավոտից չէր աշխատում Երևանի մետրոպոլիտենը։ Եվ միայն ժամը 14-ին այն վերսկսեց աշխատանքը։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս օբյեկտի ղեկավարությունը, սական, չի շտապում որևէ մեկնաբանություն անել, թե որն է փակման պատճառը։

Այսօր չի գործում նաև Գյումրի - Երևան գնացքը: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկատուից՝ նշելով, որ ցուցարարները փակել են երկաթուղին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության խոսնակ Վարդան Ալոյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանրապետության տարբեր տարածքներում՝ հատկապես քաղաքներում և քաղաքների մերձակայքում, այդ թվում՝ Գյումրիում ցուցարարները փակել են գնացքների ճանապարհները։

Ալոյանը նշեց, որ դեռևս պարզ չէ՝ այսօր երեկոյան կգործի՞ Երևան-Թբիլիսի երթուղին, թե՞ ոչ։

Նշենք, որ «Ազատության» Գյումրիի թղթակցի փոխանցմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի կառույցների մոտ 300 աշխատողներ այսօր գործադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին։

Ալոյանը սակայն նշեց, որ իրենց աշխատողները գործադուլ չեն արել, պարզապես որոշ աշխատակիցներ փակ ճանապարհների պատճառով աշխատանքի չեն կարողացել հասնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG