ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ դատարանի վճիռներ չի մեկնաբանում։
Հանրապետականներն ամենատարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին գնահատական տալ դատավճռին, ըստ որի, Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով, իսկ 2015-ի դեկտեմբերի Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ցանկացել է գրավել ռազմավարական նշանակության շենքեր ու հենց դրա համար ապօրինի ռազմամթերք է ձեռք բերել։
Սեֆիլյանի և մյուսների դատավճռի մասին որևէ հայտարարությամբ հանդես չի եկել նաև «Ծառուկյան» դաշինքը։
«Ազատության» խնդրանքով թեմային անդրադարձած միակ խորհրդարանական ուժը «Ելք» դաշինքն էր։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Սեֆիլյանին ավելի քան 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշումը համարում է նախագահ Սերժ Սարգսյանի անձնական վրեժխնդրությունը։
Պատճառը, ըստ պատգամավորի ապրիլյան պատերազմից հետո տարածքների կորստի մասին հանրությանը հայտնելն էր․ - «Եթե Ժիրայր Սեֆիլյանի գործում գոնե ինչ-որ ավտոմատ են գցել և այլն, էդ նույն պատճառով 2016 թվականի ապրիլյան պատերազմի մանրամասները բացահայտելու համար՝ բացառապես դրա համար հիմա բանտում է նաև Անդրիաս Ղուկասյանը: Այո, սա ստահոդ դատական համակարգ է, և կայացնում է ստահոդ վճիռներ՝ հիմնված ստահոդ ցուցմունքների վրա»:
Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը քաղաքական հաշվեհարդար էր։
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ դատարանում տեղի ունեցածը դատավարություն համարել չի կարելի։
Մարտիրոսյանի մեկնաբանմամբ, գործով որևէ ապացույց չկար, իշխանությունը պարզապես ապօրինաբար ուժը ցուցադրեց․ - «Դատ տեղի չունեցավ: Այստեղ տեղի ունեցավ բացառապես հաշվեհարդար: Երևի թե իշխանությունները չներեցին նրա այն բացահայտումը, որ 800 հեկտար տարածք են ապրիլյան պատերազմի ժամանակ տվել, չներեցին իրա էն կարծիքը, որ պայմանավորված պատերազմ է եղել»:
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիշեցնում է ԵԽԽՎ 1900 բանաձևի համապատասխան դրույթը ու պնդում՝ Սեֆիլյանը և մյուսները քաղբանտարկյալ են․ - «Քաղբանտարկյալ համարվում են այն մարդիկ, ում կալանավորումը տեղի է ունեցել անարդար ընթացակարգերի պատճառով, որտեղ նաև երևում է իշխանությունների քաղաքական շարժառիթը»:
Զուրաբյանը հիշեցնում է, որ դատավարության ընթացքում Սեֆիլյանը զրկված է եղել ցուցմունք տալու, հարցեր ուղղելու և պաշտպանական ճառով հանդես գալու հնարավարությունից։
ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ դատավճիռը հետևաբար օրինական չէ․ - «Ինձ չի հետաքրքրում՝ իշխանություն որ դեպքում է նեղանում, որ դեպքում ներում է կամ չի ներում: Որովհետև էդ էմոցիաները ոչ մեկին չեն հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է իրավական մոտեցումը: Կոպտագույն խախտում է՝ պաշտպանության կողմը չի ունեցել հավասար իրավունքներ: Դա արդեն նշանակում է, որ ոչ մի բան չի կարելի ապացուցված համարել»:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Սեֆիլյանի դատավճիռը ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության էր, այլ՝ հանուն բռնապետության․ - «Այստեղ միտումը հիմնականում նրան է ուղղված, որ բոլոր նրանք, ովքեր իրենց կարծիքն են արտահայտել ապրիլյան պատերազմի վերաբերյալ, դարձել են հետապնդման թիրախ»:
Ընդդիմադիրների կարծիքով, Սեֆիլյանի դատավճիռը հետընթաց էր ժողովրդավարության առումով։
«Այս վերջին դատավճիռները ևս մեկ վկայություն են, որ ցանկություն կա, տեղի է ունենալու փոփոխություն՝ այս վերահսկվող ժողովրդավարությունից դեպի ամբողջատիրություն», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը կխորացնի երկրում ժողովրդավարության ճգնաժամը, իսկ ընդդիմադիրները կվերածվեն այլախոհների, քանի որ ընդդիմությունը ունենալը հատուկ է ժողովրդավար երկրներին: