Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի դեմ մեղադրանքի հիմքում որևէ փաստ դրված չէ․ փաստաբան


Ի տարբերություն շատերի՝ Արթուրը Սարգսյանը ազատ մարդ էր, այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, ով «Հաց բերող»-ի մահվան տարելիցին որպես խորհրդանշական քայլ դատարան էր եկել ձեռքին մի կտոր հաց:

«Արթուր Սարգսյանը միայն հաց բերող չէր... առաջին հերթին ապստամբ էր։ Արթուրը ազատ մարդ էր՝ ի տարբերություն շատերի», ֊ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը։ ֊ «Ապրի՛ Արթուրը»։

Այսօր ավելի քան չորս ժամ պաշտպանական ճառով հանդես եկավ Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ պնդելով, թե ընդդիմադիր գործչին առաջադրված մեղադրանքը փաստական որևէ հիմք չունի, շինծու գործ է։ ֊ «Շատ դժվար պատասխանատվություն է այս գործով պաշտպան լինելը, որովհետև այդ պայմաններում, երբ անձը որևէ բան չի կատարել և մեղադրանք չէլ չկա, ուրեմն պետք է չեղած բաները հերքել»։

Ըստ մեղադրանքի, Ժիրայր Սեֆիլյանը մտադիր է եղել 2015 թվականի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ դեկտեմբերի 1-ին զենքի գործադրմամբ գրավել Նորքի հեռուստաաշտարակը, որպեսզի պետությանը ինչ-որ գործողություններ պարտադրի, այնինչ ընդդիմադիր գործիչն այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացրել։ Դատախազներն այդպես էլ չեն նշել, թե ինչու Սեֆիլյանը կյանքի չի կոչել հանցավոր մտադրությունը։

Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքի ապացույցներն են պլաստմասսայե շինարարական սաղավարտները, որոնք ընդդիմադիրները կրում էին Մաշտոցի պուրակի և Փակ շուկայի համար ակցիաների ժամանակ՝ որպես խորհրդանիշ, «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքների դրոշակների փայտյա ձողերը և դրանց ռետինե բռնակները։

«Այդ ճկվող բռնակներով հնարավոր չէ անգամ A4 ֆորմատի թուղթը վնասել, ինչպե՞ս պետք է այդ ռետինե հիսուն գրամանոց բռնակով որևէ մեկին վնաս տրվեր», ֊ հարցնում էր փաստաբանը։

Ժիրայր Սեֆիլյանի դեմ դատարանում ցուցմունք է տվել միայն մեկ մեղադրյալ՝ Հովհաննես Պետրոսյանը, հայտարարելով, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդի հետ ծանոթացել է Ֆեյսբուքով ու ցուցում ստացել պատրաստվել զինված գործողության: Պետրոսյանը միակն է նաև, ով արդեն տասը ամիս շարունակվող դատավարությանը ոտքի է կանգնում, մինչդեռ Սեֆիլյանն ու մյուսները տեղից նստած խոսելու համար պարբերաբար հայտնվել են սանկցիաների տակ, հեռացվել դահլիճից՝ չմասնակցելով իրենց իսկ գործի քննության մեծ մասին։

«Այսինքն ստացվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը չորս ամիս չի մասնակցել դատական նիստերին, անգամ չի կարողացել մեկ նախադասություն արտաբերել», ֊ իր պաշտպանական ճառում փաստեց Տիգրան Հայրապետյանը։

Դատական այսօրվա նիստին մասնակցող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, այն որ առանցքային մեղադրյալ Սեֆիլյանը իր իսկ գործով դատավարությանը անգամ խոսելու հնարավորություն չունի, հստակ ցույց է տալիս՝ սա քաղաքական հաշվեհարդար է նրան մեկուսացնելու համար․ ֊ «Ամբաստանյալի իրավունքները ամբողջ աշխարհում հարգում են և բոլոր հնարավորությունները պետք է տալ, որ ամբաստանյալը խոսի։ Դատավորը ոչ միայն գիտելիքների պակաս ունի, ինքնահաստատվելու խնդիր ունի, քմահաճորեն չի կարող դատավորը պարտադրի, որ որևէ մեկը իրեն հարգի։ Նա պետք է արժանանա այդ հարգանքին։ Ատելության, հաշվեհարդարի այդ մոլուցքը այնքան ակնհայտ է, որ ուղղակի բեսպրեդել է»։

Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին։ Փաստաբանն այսօր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին հորդորեց երկար մտածել խորհրդակցական սենյակում․ ֊ «Երիտասարդ դատավոր եք, չգիտեմ ապագայում Ձեզ ինչ է սպասվում, բայց ինձ թվում է՝ Ձեր պրակտիկայի կարևոր պահերից է հիմա, որ Դուք պետք է որոշում կայացնեք ու այդ որոշման հետ հաշտվեք»։

Դատավարությունը շարունակվելու է վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG