«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ մինչև մեղադրյալի աթոռին հայտնվելը մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը:
Դատավարության ավարտին ընդդիմադիր գործիչը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց՝ պնդելով, որ բանը հասել է անգամ սպանության սպառնալիքին, ընդ որում ֆիզիկապես ոչնչացնել սպառնացել են Ռուսաստանի անունից, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից ընդամենը երկու օր անց․ ֊ «Սպառնալիքը բառացի կերպով հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»: Իմ պատասխանը եղել է. ֊ «Զեկուցեք Ձեր ղեկավարությանը, որ Հայաստանը տեր ունի և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից»:
Սեֆիլյանը գաղտանզերծում է, որ սպառնալիքը ստացել է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանից, ով հիշեցնենք, վերջին շրջանում ակտիվորեն մասնակցում է ընտանեկան բռնությունը կանխող օրինագծի դեմ ակցիաներին, իրավապաշտպանների գնահատմամբ՝ հիմնականում մերձռուսական կամ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչներն են դեմ դուրս եկել այս օրենքին:
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի պաշտպանական ճառը ընթերցում էր փաստաբան Արայիկ Պապիկյանը, քանի որ դատավորն այսօր ևս թույլ չտվեց Սեֆիլյանին խոսել նստած՝ պահանջելով ոտքի կանգնել:
Ժիրայր Սեֆիլյանը փաստաբանի միջոցով ընդգծեց՝ սա ոչ թե դատավարություն է, այլ հաշվեհարդար, պատվիրված քաղաքական հալածանք և բռնություն, թատերական բեմականացում ու ֆարս․ ֊ «Որտեղ այսպես կոչված մեղադրող կողմի հրապարակած դատարկաբանությունը պարզապես վատ հորինված հեքիաթ է, որը դատավորի դերակատարմամբ հանդես եկող անձն իր ջղաձիգ և բացահայտ ապօրինի գործողություններով փորձում է ամեն գնով ներկայացնել որպես իրականություն»:
Գևորգ Սաֆարյանի փոխարեն ևս ճառը ընթերցեց պաշտպանը, սակայն դատավորը ընդհատեց այն, երբ հնչեց Սերժ Սարգսյանի անունը:
Իրենց պաշտպանական ճառերում գրեթե բոլոր մեղադրյալները հայտարարում էին, որ գործը շինծու է, Ներսես Պողոսյանը պատմեց, որ նախաքննական մարմինը իրեն սպառնացել է՝ փորձելով ցուցմունքներ կորզել Սեֆիլյանի դեմ․ ֊ «Տունը ման են գալի, քանդում են՝ չկա ոչ մի բան: Մեկ էլ թղթերիս մեջ հայտնվում ա, որ տնից զենք են գտել: Ասում եմ՝ էս ի՞նչ ա գրած: Ասում ա՝ դե ըտենց գրած ուղարկել են: Ասում ա՝ պըտի գրես Ժիրայրի վրա: Ասում եմ՝ ինչի՞ համար, Ժիրոյի վրա ի՞նչ գրեմ ես, որ մարդը գնացել ա, կռվել ա, ու ես իրա վրա գրեմ՝ առանց իրան ճանաչելո՞ւ: Ինձի շատ բան ասեց․․․ ասեց՝ գրի, տղա երեխեք ունես, դպրոց են էթում, շոշ են անցնում․․․ ախպեր ունես՝ ավտոն արագ ա քշում․․․»:
Այս գործով մեկ այլ մեղադրյալ Գալուստ Գրիգորյանը պնդեց, որ քննիչները կեղծել են իր նախաքննական ցուցմունքները, ինքը Ժիրայր Սեֆիլյանին չի ճանաչում, թեև, ըստ մեղադրանքի Սեֆիլյանի հանցախմբի անդամ է․ ֊ «Ծիծաղելի է քննիչների սարքածը, իբր ես ընդեղ եսիմ ինչ ցուցմունք եմ տվել: Ո՞նց կարայի նման բան գրել: Եթե ես ցուցմունք եմ տվել, օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանի անունը գրված ա իմ ցուցմունքի մեջ: Ես Ժիրայր Սեֆիլյանին չեմ ճանաչում: Նույն հաջողությամբ, ներողություն, հարգելի Դատարան, Ձեր անունը կարար գրված լիներ»:
Պաշտպանական ճառով հանդես չեկավ միայն դատավարությանը Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Նա, հիշեցնենք, ասել է, թե «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի հետ ծանոթացել է Ֆեյսբուքով ու ցուցում ստացել պատրաստվել զինված գործողության:
Փաստաբան Տիգրան Եգորյանը պաշտպանական ծավալուն ճառում շեշտում էր, որ արդեն անիմաստ է համարում այս դատարանում խոսել քաղաքական հալածանքի մասին․ խոստացավ դա անել միջազգային ատյաններում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը Եգորյանը համեմատում էր «Կիկոսի մահը» հեքիաթի հետ․ ֊ «Մի ենթադրության վրա կառուցվում է մյուս ենթադրությունը, այնուհետև մյուսը, այնուհետև մյուսը»:
Դատավարությունն այսպիսով ավարտվեց, դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:Մեղադրող դատախազը, ամբողջությամբ ապացուցված համարելով Սեֆիլյանի մեղքը,պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Վճիռը կհրապարակվի հաջորդ շաբաթ:
Սեֆիլյանն իր իսկ գործով քննությանն այդպես էլ չկարողացավ ոչ ցուցմունք տալ, ոչ էլ հանդես գալ պաշտպանական ճառով և անգամ վերջին խոսքով․ դատավորը մնաց անդրդվելի՝ թույլ չտալով նրան խոսել նստած: Ավելին՝ շուրջ տասը ամիս տևած դատավարության մի զգալի մասին ընդդիմադիր գործիչն ընդհանրապես չմասնակցեց, քանի որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան հեռացնում էր դահլիճից՝ ոտքի չկանգնելու, տեղից խոսելու համար: