ՀՀԿ-ական պատգամավոր․ Բռնությունն անընդունելի է, բայց գործ ունենք դասական կանոններից շեղված երևույթի հետ

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը կարծիքով, քաղաքական գործընթացներում բռնությունը պետք է տեղ չունենա, միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծում է, որ «Երկիր Ծիրանի»-ի քայլը շեղում է դասական քաղաքական կանոններից:

«Բռնության կիրառման ցանկացած փորձ, գործողություն ինքնին անընդունելի է: Կրկնակի անընդունելի է, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից: Որովհետև եթե ես, Դուք, երրորդը, չորրորդը պատասխանատվություն է ստանձնում իշխանության համար, պետք է պատրաստ լինի ոչ միայն լսելու հանիրավի քննադատություն, անգամ պետք է պատրաստ լինի նզովք լսելու: Բայց, դրանով հանդերձ, պետք է նաև արձանագրել, որ մենք գործ ունենք ըստ էության դասական կանոններից շեղված մի երևույթի հետ, որը ինձ ավելի շատ հիշեցնում է ոչ թե քաղաքականություն, այլ, ինչպես մեկ առիթով Տեր-Պետրոսյանը արտահայտվեց այլ հանգամանքների հետ կապված՝ խենթանոց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ֆարմանյանը:

Երկու օր առաջ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները բռնություն կիրառեցին «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ։ Ապտակները, ու քաշքշոցն ու բռնի ուժը նախապատմություն ունեին․ մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր անդամները դահլիճ էին բերել տարիներ շարունակ բնակիչների քթի տակով հոսող կեղտաջուրը՝ փորձելով իշխանության ուշադրությունը հրավիրել Նուբարաշենում վթարված կոյուղու խնդրին:

Ֆարմանյանի գնահատմամբ, «Երկիր Ծիրանի»-ի քայլը ռադիկալ էր․ - «Եթե մեր երկրում քաղաքական որևէ միավոր կամ իրեն այդպես հորջորջող քաղաքական պայքարի որպես ուղեցույց, որպես տակտիկա դիտարկում է նման գործողությունները, այդ գործողություններից դեպի ավելի վտանգավոր գործողություններ, հասարակագիտական տեսանկյունից, ընդամենը մեկ քայլ է: Եթե դուք կարծում եք, որ այսօր առավոտյան Ֆլորիդայում տասնյոթ դպրոցական երեխա սպանած ահաբեկիչը իր պատճառաբանությունը չունի, թե ինչու է դիմել նման քայլի, դուք չարաչար սխալվում եք: Նա, ինչպես և մնացած բոլոր ռադիկալ քայլերի դիմող խմբավորումները ունենում են իրենց մեկնաբանությունը, իրենց համոզմունքը»:

«Ազատության» եթերում Սամվել Ֆարմանյանը նաև հայտարարեց․ - «Ես վիճարկում եմ և՛ արձագանքը, և՛ առավել ևս վիճարկում եմ այն, ինչ այդ խմբավորումը իրեն թույլ է տվել: Եվ կրկնում եմ՝ որպես մարդ, ով աշխատել է այդ անձանցից մեկի հետ, կարող եմ ասել, որ անգամ օլիմպիական համբերությամբ օժտված գիտնականին նա ունակ է սադրելու և հունից հանելու»:

Այսօր առավոտյան Կառավարության նիստի շտապող նախարարները նախընտրում էին կարճ անդրադառնալ երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին։ Քննադատական գնահատականներ հնչեցնում էին, բայց հիմնականում անհասցե, Հանրապետականի անունը չէին տալիս։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան․ - «Անշնորհքություն»:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան․ - «Կարծում եմ, մենք դեռ քաղաքակիրթ մշակույթի ձևավորված խնդիր ունենք»:

Կրթության նախարար Լեւոն Մկրտչյան․ - «Ինչ-որ մի աստիճան կա, որից ներքև իրավունք չունի որևէ մի կողմ իջնելու: Ցանկացած բռնության նկատմամբ պետք է բացասական վերաբերմունք դրսևորել»:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նախընտրեց ընդհանրապես չմեկնաբանել միջադեպը:

Առողջապահության նախարարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարություններից է դատողություններ արել՝ բռնություն չի եղել․ - «Ես լսել եմ քաղաքապետի հայտարարությունը, որ բռնություն չի եղել»:

Տրանսպորտի նախարարի կարծիքով, միջադեպը տգեղ էր: Այդուհանդերձ Վահան Մարտիրոսյանը չշտապեց քննադատել իր կուսակիցներին․ - «Կուսակիցների վարքագիծը պետք չի տենց գնահատել: Չգիտենք ինչի է տենց եղել, չգիտենք ինչ հիմքեր կան»:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երկու օր առաջվա միջադեպից «լավ հոտ» չի առել․ - «Չի կարելի, որ որևէ մարմնի, պետական լինի, տեղական ինքնակառավարման, մակարդակը իջեցվի կեղտաջրերի և քաշքշուկի մակարդակի: Դրանից լավ հոտ չի գալի»:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրան»ի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ինքը, Մարինա Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը բժշկական օգնություն են ստացել Էրեբունի հիվանդանոցում։ Փոստանջյանը հավելեց, որ դիմելու են նաև դատաբժշկի՝ հասցված վնասվածքները արձանագրելու համար։

Երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Գլխավոր դատախազության պնդմամբ, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից բացի, Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ևս մեկ հաղորդում են ստացել՝ արդեն Երևանի քաղաքապետարանից: