Մատչելիության հղումներ

«Ես չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում խենթանոցում». Ֆարմանյան


Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ցավում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի համար։

Իշխող ուժի ներկայացուցիչը բռնության կիրառման ցանկացած փորձ ինքնին անընդունելի է համարում։

«Բռնության կիրառման ցանկացած փորձ ինքնին անընդունելի է։ Ինքնին անընդունելի է, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Եթե ես, դու, երրորդը, չորրորդը պատասխանատվություն է ստանձնում իշխանության համար, պետք է պատրաստ լինի ոչ միայն լսելու հանիրավի քննադատություն, անգամ պետք է պատրաստ լինի նզովք լսելու, հատկապես այնպիսի անցումային երկրներում, ինչպիսին Հայաստանն է», - ասաց Ֆարմանյանը՝ շարունակելով. - «Դրանով հանդերձ, պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք, ըստ էության, դասական կանոններից շեղված մի երևույթի հետ, որն ինձ ավելի շատ հիշեցնում է ոչ թե քաղաքականություն, այլ, ինչպես մեկ առիթով Տեր-Պետրոսյանն արտահայտվեց այլ հանգամանքների հետ կապված, խենթանոց, սա ևս պետք է արձանագրել»։

Ըստ Ֆարմանյանի, տեղի ունեցածը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում քաղաքական գործընթացների որակն անշեղորեն գահավիժում է։

«Քաղաքական պայքարի տեսանկյունից համարում եմ, որ սա Հայաստանի Հանրապետությանը ապագայում լավ ճանապարհով չի տանելու։ Ես ցավում եմ տեղի ունեցածի համար, և որպես մարդ, ով տարիներ շարունակ աշխատել է մի հաստատությունում այդ խմբակցության ներկայացուցիչներից մեկի հետ, կարող եմ երաշխավորել որևէ մեկին, որ մենք գործ ունենք անձնավորության հետ, ով ունակ է սադրելու կամ ափերից հանելու որևէ մեկին, նույնիսկ օլիմպիական համբերատարությամբ օժտված որևէ մարդու։ Սա է իմ գնահատականը։ Այս տեղի ունեցածը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ մեզ մոտ քաղաքական գործընթացների որակն անշեղորեն գահավիժում է։ Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է, քաղաքական գործընթացներում բռնություն պետք է տեղի չունենա», - ասաց հանրապետական պատգամավորը՝ շարունակելով․ - «Ոչ-համակարգային պայքարի գործիքները, որը «Երկիր Ծիրանի»-ն կիրառում է, շատ ուշացած է և կրկնում է այն, ինչ բավական շատ ձեռնարկներում և՛ շարադրված են, և՛ նկարագրված են, նորության մասին խոսք լինել չի կարող։ Հիմքը մենք պետք է հասկանանք, եթե մեր երկրում քաղաքական որևէ միավոր, կամ իրեն այդպես հորջորջող, քաղաքական պայքարի որպես ուղեցույց, տակտիկա դիտարկում է նման գործողությունները, այդ գործողություններից դեպի ավելի վտանգավոր գործողություններ, հասարակագիտական տեսանկյունից, մեկ քայլ է»։

Ֆարմանյանը նշեց՝ սա շեղում է դասական քաղաքական կանոններից։

«Ես չեմ պատրաստվում և չեմ էլ կարող, և, իմ կարծիքով, որևէ բանական մեկը չի կարող մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում, օրինակ, խենթանոցում, որովհետև դա ինձ դա է հիշեցնում։ Սա շեղում է դասական քաղաքական կանոններից, գիտակցաբար, թե ոչ-իմացաբար, դիագնոզը դա է», - ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ ավագանու փետրվարի 13-ի նիստը վերածվեց ծեծկռտուքի այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործ դեռ չի հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG