Բնակիչները հստակ չեն հիշում՝ արդեն 4 թե 5 տարի է, որ «Նուբարաշեն» կալանավայրի կոյուղատարը շարքից դուրս է եկել, և դրա պարունակությունը ոչ թե խողովակներով այլ բաց առուներով հոսում է դեպի կենտրոնական կոյուղի՝ ճանապարհին տարածելով անտանելի գարշահոտ։
Տարիներ շարունակ Նուբարաշենի բնակիչները ծեծել են տասնյակ դռներ, խնդրել ու պահանջել, որ վերջապես փակվի բաց կոյուղին: Անարդյունք։ Իսկ երկու օր առաջ, ի նշան բողոքի, փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։
Երեկ «Երկիր ծիրանիի» անդամները բաց առվով հոսող այս կեղտաջուրը լցրել էին շշերը ու տարել քաղաքապետարան։ Բնակիչները ուշադրությամբ հետևել են անգամ իրենց համար անսպասելի ակցիային: Ոմանք կաշականդվում են տեսախցիկի առջև խոսել ակցիայի մասին, մյուսներն ասում են՝ ուրախ են, որ ավագանու անդամները շնչել են իրենց տներ մտնող գարշահոտը՝ թեկուզ մի քանի րոպե։
«Ստիպված էին էդ բանը անելու, որպեսզի իրանք էլ զգային էդ հոտը, իրանք էլ զգային, որ չեն կարա էս պայմաններում ապրեն: Տեսար, մի վայրկյան չդիմացան, բա մենք ո՞նց ենք տարիներով դիմանում», - ասաց բնակիչներից մեկը:
Տարածքի բնակիչները ոչ միայն «Երկիր Ծիրանի»-ի, այլև ավագանու մյուս անդամներին են հրավիրում իրենց խոսքով «քարտեզից դուրս մնացած», ամռանը մոծակներով լի իրենց բնակավայր, որտեղ գտնվող տները անհնար է վաճառել անգամ շատ մատչելի գներով։
Չնայած արդեն 5 տարի է շնչում են բաց կոյուղու հոտը, բնակիչները այնուամենայնիվ անկեղծանում են՝ ընտրել են Տարոն Մարգարյանին՝ հուսալով, որ իրենց մասին իր վերջո քաղաքապետարանում հիշելու են։
Այսօր ավելի ուշ տեղեկացանք, որ Նուբարաշենից մեր հեռանալուց հետո կալանավայրի մերձակա տարածք է գնացել կոյուղագիծ նորոգող խումբ։
Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով՝ «մեկնարկել են վաղուց պլանավորված հիմնանորոգման աշխատանքներ Էրեբունիի վարչական շրջանի հետ համատեղ»։