Սաջաթ Քարիմ․ ԵՄ - Հայաստան համաձայնագիրը «պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ»

«Եվրամիության հետ ստորագրված Համախարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ», - այսօր  Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը:

«Համաձայնագիրը իրականացնելու համար դեռ զգալի աշխատանք պետք է կատարվի, սակայն այն լավ հիմքեր է ստեղծում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու համար», - հավելեց եվրոպացի պաշտոնյան՝ շարունակելով․ - «Համաձայնագիրը ներառում է շատ լավ հիմքեր նաև հատուկ ծրագրերին ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար։ Մենք ավանդաբար «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով ենք աշխատել, որն իր հետ պայմաններ է բերում։ Հայաստանն այդ առումով պետք է ցույց տա, առաջընթաց ունի այն ոլորտներում, որոնց շուրջ մենք միասնաբար համաձայնության ենք եկել: Բայց որ ամենակարևորն է՝ բոլոր այդ ոլորտները հիմնված են այն բանի վրա, թե հենց Հայաստանը և հայաստանցիները ինչպես կցանկանային տեսնել իրենց ապագա զարգացման ուղղությունը: Եվ Եվրամիությունը պատրաստ է պատշաճ աջակցություն տրամադրել այդ գործընթացին, քանզի հայերը ստանձնում են այս իրոք ֆանտաստիկ ճանապարհորդութունը, որով երկիրը առաջ է շարժվելու և դառնալու է այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում»:

Անդրադառնալով Հայաստանի որդեգրած «և - և»-ի քաղաքականությանը Արևմուտք - Ռուսաստան լարված հարաբերությունների պայմաններում` Սաջադ Քարիմն ասաց․ - «Մենք տեսնում ենք, որ Եվրամիության հետ ստորագրված համախարփակ և ընդհայնված գործընկերության համաձայնագրի առումով Հայաստանը լրիվ նոր մի բան է անում: Հայաստանը Եվրասիական միության անդամ առաջին երկիրն է, որ միաժամանակ խորացնում է հարաբերությունները նաև Եվրամիության հետ, և որևէ կերպ այս երկու հարաբերությունները իրար չեն հակադրվում: Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան պետություն՝ շատ հստակ ձևակերպելով նաև իր ապագա ձգտումները և դրանք համադրելով իր աշխարհագրական դիրքի հետ: Եվ սա Հայաստանին իրոք ուժեղ դիրքերում է դնում»:

Ըստ Սաջատ Քարիմի՝ համատեղ նիստի արդյունքում ստորագրված արձանագրությունում իրենք կոչ են արել Հայաստանի իշխանություններին շատ հստակ ներկայացնել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների հիմքերը՝ ապատեղեկատվությանը դիմագրավելու համար․ - «Մենք արձանագրեցինք, որ Հայաստանում որոշակի ապատեղեկատվություն է տարածվում Եվրամիության դերակատարության մասին, և դա չի նպաստում, որ Հայաստանի քաղաքացիները ավելի լավ հասկանան, թե ինչ է Եվրամիությունը: Սա շատ էական է, մենք մեր կողմից ամեն ինչ կանենք՝ վստահ լինելու համար, որ հնարավորինս արդյունավետ ենք հաղորդակցվում, և հույս ունենք, որ Հայաստանի իշխանություններն էլ նմանապես կվարվեն»:

Եվրախորհրդարանի պատվիրակության կազմում էր նաև Հեյդի Հաուտալան, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավարն էր: Նա նշեց, որ
հանձնաժողովի նիստի արդյունքներով ընդունված փաստաթղթում նաև հիշեցում կա, որ ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շատ հանձնարարականներ դեռ կատարված չեն․ - «Մենք հիշում ենք, որ եղել են գումարով քվեարկության դեպքեր, ճնշումներ ընտրողների վրա, ոստիկանության և այլ անձանձ ոչ օրինական միջամտություն ընտրատեղամասերում, և կարծում եմ, Եվրապական խորհրդարանը շատ ուշադիր հետևելու է այս խնդիրները վերացնելուն ուղղված հանձարարականների կատարմանը»:

Հաուտալան հավելեց, որ իրենք ընդունում են, որ այս ընտրությունները, նախորդ ընտրությունների հետ համեմատած, ավելի ազատ էին, սակայն «դեռ շատ բան կա անելու»․ - «Հայաստանը այժմ կարծես թե երկու միությունների միջև գտնվող մի երկիր է, որի համար շատ կարևոր է «և - և»-ի քաղաքականությունը, ու ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շատ ջանք գործադրի իր ժողովրդավարական չափանիշները զարգացնելու համար: Եվրասիական միությունը, ինչպես տեսնում ենք, ավտորիտար երկրների համայնք է: Մենք՝ եվրոպացիներս, չէինք ցանկանա տեսնել Հայաստանի հետընթացն այս հարցում: Մենք կցանկանայիք բարելավել ժողորդավարական չափանիշներն այս երկրում»: