Հիշեցնեմ, մեկուկես ամիս առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանն, ով սկզբում միայնակ էր քննում զինված խմբի գործը, դրա արդյունավետ քննության պատճառաբանությամբ որոշել էր մասերի բաժանել այն՝ վերախմբավորելով երեք վարույթներում։
Փաստաբան Հայկ Ալումյանը, դիմելով զինված խմբի առանցքային անդամներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և այլոց գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանին, հայտարարեց, որ եթե վարույթները չմիավորի, ապա կխախտի Եվրոպական կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքը, և շարունակեց․ - «Երեք գործով անցնող ամբաստանյալներին մեղսագրվում է 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրավելու և այդ տարածքում մինչև հուլիսի 31-ը կատարված գործողություններ: Երեք քրեական գործով անցնում են միևնույն տուժողներն ու վկաները, ինչի հետևանքով ստացվում է, որ նրանցից գրեթե յուրաքանչյուրը պետք է հարցաքննվի ոչ թե մեկ, այլ երեք անգամ: Ավելին, ամբաստանյալներից յուրաքանչյուրը, բացի այն գործից, որը քննվում է իր վերաբերյալ, պետք է ցուցմունք տա նաև մյուս երկու գործերով»:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ եթե դատավորը մերժի իր առաջարկը, ապա խնդիրներ կառաջանան վկաների, տուժողների, ամբաստանյալների հարցաքննություններ ժամանակ․ - «Եթե միևնույն վկայի, ամբաստանյալի, տուժողի ցուցմունքները տարբերվեր տարբեր գործերով հարցաքննվելիս, ապա յուրաքանչյուր գործով կարիք է առաջանալու գնահատելու այդ վկայի, տուժողի, ամբաստանյալի ոչ միայն տվյալ, այլ նաև մյուս երկու դատավարություններում տված ցուցմունքները: Նման դեպքում ամբաստանյալների իրավունքները խախտված կլինեն քանի որ վկայի կամ տուժողի տարբերվող ցուցմունքները տրված կլինեն իրենց բացակայությամբ՝ մեկ այլ դատավարության ընթացքում, որի ժամանակ իրենք այդ տարբերության հետ կապված հնարավորություն չեն ունեցել հարցաքննելու տվյալ վկային կամ տուժողին կամ ամբաստանյալին»:
Փաստաբանի խոսքով, զինված խմբի գործն առանձին քննելու պարագայում չի բացառվում, որ մի դեպքում վճիռ կայացվի, մյուս դեպքում դեռ դատաքննություն ընթանա․ - «Մենք էստեղ ինչ-որ փաստեր ենք վիճարկում, վկաների ցուցմունքների հավաստիությունն ենք քննարկում, միջնորդություններ ենք անում՝ որոշակի ապացույցներ անթույլատրելի ճանաչելու, էդ նույն ժամանակ պարոն Արտուշ Գաբրիելյանը արդեն իր գնահատականները տվել է նույն ապացույցներին, արդեն ինքը հաստատված է համարել զինված խմբի կողմից էսինչ-էսինք նպատակներով էսինչ-էսինչ գործողությունների կատարումը, առանց որի ինքը չի կարող դատավճիռ կայացնել․․․ Կամ ասում է՝ էդպիսի բան չի եղել: Այսինքն, իր գնահատականները արդեն տվել է պարոն Արտուշ Գաբրիելյանը, ու մենք ստեղ էդ նույն հանգամանքները դեռ վիճարկում ենք: Ինչքանո՞վ ա լուրջ լինելու մեր կեցվածքը»:
Միջնորդությունը ներկայացնելուց հետո, սակայն, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, թե առայժմ հրաժարվում է դրանից, քանի դեռ նիստին ներկա չեն բոլոր փաստաբանները։
Այսօր փաստաբաններից մի քանիսը դատարան չէին եկել՝ զբաղվածության պատճառով։ Դատավոր Մակյանը նշեց, որ նրանց բացակայությունը չի խանգարի նիստը շարունակելուն, մինչդեռ ներկա փաստաբանները ընդդիմացան։
Մուշեղ Շուշանյանը պնդեց՝ ամբաստանյալներն առանց իրենց փաստաբանների չեն կարող ներկա գտնվել դահլիճում․ - «Այդ մեղադրյալների ո՞ր իրավունքներ են խախտվում, եթե դատարանը պարոն Ալումյանի միջնորդությունը քննարկման առարկա ա դարձնում»:
Ի վերջո, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց այսօր հետաձգել դատական նիստը։
Նիստը հետաձգելուց առաջ նա երկու անգամ նախազգուշական սանկցիա կիրառեց զինված խմբի անդամ «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ առանց իր թույլտվության խոսելու համար։
Խանդոյանը փորձում էր արձագանքել այսօր դատարան եկած երկու տուժողներին։
Մայիս Հովհաննիսյանը և Վլադիմիր Սիրեկանյանը խնդրեցին իրենց բացակայությամբ քննել գործը: Դատավորը նշեց, որ անհրաժեշտության դեպքում նրանց կկանչի հարցաքննության։
Դատարանում չհայտարարվեց, թե այս երկու տուժողները անցած տարի ՊՊԾ գնդի գրավման օրերին ինչպես են տուժել։
«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: