Էրդողանի կոշտ արձագանքը իր թիկնազորի անդամներին ԱՄՆ-ում մեղադրանքի առաջադրմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսկական սկանդալ է որակել իր թիկնազորի անդամներին մեղադրանք առաջադրելու՝ Վաշինգտոնի դատարանի որոշումը։

«Սա բացահայտորեն ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում արդարադատության համակարգն Ամերիկայում», - ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով․ - «Եթե Միացյալ Նահանգները չի կատարում ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները հյուրերին պաշտպանելու վերաբերյալ, չի նշանակում, որ իմ թիկնապահները ևս չպետք է կատարեն իրենց պարտականությունները»:

Մայիսին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա, և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի ժամանակ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան:

Օրերս Վաշինգտոնի դատարանը մեղադրանք էր առաջադրել 19 անձի, այդ թվում՝ Էրդողանի 15 թիկնապահների: Նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Թայիփ Էրդողանը հայտնելով, որ Թուրքիայի ԱԳ և Արդարադատության նախարարությունները հարցը քննարկում են ամերիկյան պատկան մարմինների հետ՝ նշել է․ - «Խնդիրը առանձին կքննարկենք նաև նախագահ Թրամփի հետ: Սակայն սրանք լավ զարգացումներ չեն: ԱՄՆ-ը մի երկիր է, որտեղ դեռ ապաստանում են գյուլենականները: Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում անել Ամերիկան»:

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարությունը ևս արձագանքել էր Վաշինգտոնի դատարանի կողմից Թուրքիայի նախագահի անվտանգության ձառայության 15 աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու որոշմանը՝ այն որակելով անարդար, անհիմն և կողմնակալ: ԱԳ նախարարության համոզմամբ՝ սկանդալային միջադեպի պատճառը «ամերիկյան անվտանգության մարմինների լուրջ բացթողումներն են և ցուցարարների քողի տակ Քուրդիստանի բանվորական կուսակցության կողմնակիցների սադրիչ գործողությունները»: Ավելին, Թուրքիայի արտաքին գերատեսչությունը պնդում է, թե մեղադրական եզրակացության մեջ հիշատակված անձանցից ոմանք ԱՄՆ-ը երբևէ չեն մեկնել:

Թուրքական իշխանությունները վճռականություն են հայտնել իրավական ճանապարհով պայքարել իրենց իրավունքների համար:

Մինչդեռ դեռ հունիսին Միացյալ Նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել, որով պահանջել էր պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ի արյունալի միջադեպի մեղավորներին: Միջադեպից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղարությունն էր իր խորը մտահոգությունն էր փոխանցել Թուրքիայի կառավարությանը:

Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջացած լարվածության մասին լրագրողների հետ խոսել է ուրբաթօրյա տոնական նամազից հետո: Օրակարգային մի շարք հարցերի թվում Էրդողանը մեկնաբանել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այն հայտարարությունը, թե նախագահ լինելու տհաճ կողմերից մեկն այն է, որ 10 օրը մեկ ստիպված է հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ: Վերջինս նշել է, որ չգիտի, թե ինչ է նկատի ունեցել Մակրոնը, բայց նրա ասածը բացասական չի ընկալել:

«Ընդհակառակը, կարծում եմ Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ զրուցելը նրանց համար առավել քան արժեքավոր է», -ասել է Էրդողանը: