Մատչելիության հղումներ

Թուրքիան արձագանքում է ԱՄՆ-ում Էրդողանի թիկնազորի անդամներին մեղադրանքի առաջադրմանը


Թուրքիայի ԱԳ նախարարությունը արձագանքել է Վաշինգտոնի դատարանի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ձառայության 15 աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու Վաշինգտոնի դատարանի որոշմանը՝ այն որակելով անարդար:

ԱՄՆ դատախազությունը նախօրեին հայտարարել էր, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակված 19 անձի մեղադրանք է առաջադրվել ատելության հողի վրա հարձակում իրականացնելու համար:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը դժգոհություն է հայտնել ամերիկյան իշխանությունների որոշման առիթով՝ այն որակելով որպես անարդար, անհիմն և կողմնակալ: ԱԳ նախարարության պնդմամբ՝ սկանդալային միջադեպի պատճառը «ամերիկյան անվտանգության մարմինների լուրջ բացթողումներն են և ցուցարարների քողի տակ Քուրդիստանի բանվորական կուսակցության կողմնակիցների սադրիչ գործողությունները»:

Նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ նաև նշվում է, թե մեղադրական եզրակացության մեջ հիշատակված անձանցից ոմանք ԱՄՆ-ը երբեք չեն մեկնել: Թուրքական իշխանությունները վճռականություն են հայտնել իրավական ճանապարհով պայքարել իրենց իրավունքների համար:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր բողոքը հայտնել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպանին:

Նախօրեին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ևս հայտարարություն էր տարածել Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու առիթով: Գրասենյակի հաղորդակցման գծով ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը մեղադրանքի առաջադրումը կարևոր քայլ էր համարել արդարության հաստատման ճանապարհին: Նա նշել էր, որ ժամանակն է պահանջելու, որպեսզի Էրդողանի անվտանգության աշխատակիցները անհապաղ արտահանձնվեն և Թուրքիայի Հանրապետությունը փոխհատուցում վճարի սարսափելի հանցագործության տուժածներին:

Մայիսի 16-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Սկանդալային միջադեպի ժամանակ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան:

Այս գործող մեղադրվող անձանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Հունիսի սկզբին Միացյալ Նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել, որով պահանջել էր պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ի արյունալի միջադեպի մեղավորներին: Այս պահի դրությամբ այս գործով ձերբակալված է երկու անձ՝ Սինան Նարինին Վիջինիայից և Էյուփ Յըլդըրըմին Նյու Ջերսիից: Նրանց դեմ հարուցված քրեական գործով առաջին լսումները տեղի կունենան սեպտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG