Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Էրդողանի թիկնազորի 15 անդամների նկատմամբ


Վաշինգտոնի դատարանը մեղադրանք է առաջադրել մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակված 19 անձի, այդ թվում՝ Էրդողանի անվտանգության ծառայության 15 աշխատակցի:

Մեղադրանքն առաջադրվել է ատելության հողի վրա հարձակում իրականացնելու համար: Նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Վաշինգտոնի դատախազը հայտարարել է, որ 19 հոգուց 16-ին արդեն իսկ մեղադրանք ներկայացվել էր հունիսին, օգոստոսի 29-ին մեղադրյալների թիվը ավելացել է ևս երեքով: Հայտնի են նրանց անունները՝ Մուհսին Քյոսե, Յուսուֆ Այար, Հարեթին Էրեն: Երեքն էլ, ըստ դատախազի, Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներ են:

Արձագանքելով այս որոշմանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ մեղադրանքի առաջադրումը «կարևոր քայլ է արդարության հաստատման ճանապարհին»:

«Ժամանակն է պահանջելու, որպեսզի Էրդողանի անվտանգության աշխատակիցները անհապաղ արտահանձնվեն, և Թուրքիայի Հանրապետությունը փոխհատուցում վճարի սարսափելի հանցագործության հետևանքով տուժածներին», - ասել է հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ հավելելով, որ եթե Էրդողանը չկատարի արդարության հաստատման ուղղությամբ այս քայլերը, ապա ամերիկյան իշխանությունը պետք է արտաքսի Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին և այլ հավելյալ պատժամիջոցներ կիրառի:

Մայիսի 16-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա, և դաժան ծեծի ենթարկել նրանց: Սկանդալային միջադեպի ժամանակ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Ինքը՝ Էրդողանը իրադարձություններին հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական ավտոմեքենայից:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը հայտնել էր, թե Էրդողանի դեմ բողոքողները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, սակայն Վաշինգտոնի ոստիկանապետի խոսքով՝ այս պնդումը ապացուցող փաստեր չեն ներկայացվել:

Թուրքական ԱԳՆ-ի պնդմամբ` միջադեպը տեղի էր ունեցել ամերիկյան համապատասխան մարմինների կողմից անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով: Մինչդեռ ամերիկյան մամուլը գրել էր, թե Էրդողանի թիկնապահներն են հարձակվել ցուցարարների վրա:

Միջադեպից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը իր խորը մտահոգությունն էր փոխանցել Թուրքիայի կառավարությանը, իսկ ԱՄՆ Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական ՄըքՔեյնն անգամ կոչ էր արել հետ ուղարկել Թուրքիայի դեսպանին:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հերթին արտգործնախարարություն էր կանչել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաասին՝ գրավոր և բանավոր դժգոհություն հայտնելով դեսպանին «ԱՄՆ անվտանգության ծառայության անձնակազմի գործողությունների առնչությամբ՝ դրանք որակելով «դիվանագիտական կանոններին հակասող, ոչ պրոֆեսիոնալ ագրեսիվ պահվածք»: Թուրքիայի ԱԳՆ-ն դեսպանին պահանջ է ներկայացրել հետաքննել տեղի ունեցածը և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

Հունիսի սկզբին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև էր ընդունել, որով պահանջել էր պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ի արյունալի միջադեպի մեղավորներին:

Այս պահի դրությամբ ձերբակալված են մեղադրյալներից միայն երկուսը՝ Սինան Նարինին Վիջինիայից և Էյուփ Յըլդըրըմին Նյու Ջերսիից: Նրանց դեմ հարուցված քրեական գործով առաջին լսումները տեղի կունենան սեպտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG