Գևորգ Սաֆարյանը տեղափոխել է իր նախընտրած խուցը

Ավելի քան մեկուկես տարի ազատազրկված Գևորգ Սաֆարյանին այսօր տեսակցած հարազատներն ու պատգամավորները հայտարարում են, որ ակտիվիստի կյանքին սպառնացող վտանգները չեզոքացվել են։

23 օր պատժախցում պահվելուց հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը Սաֆարյանին առավոտյան տեղափոխել է իր նախընտրած խուցը։

Ակտիվիստի եղբայր Արմո Սաֆարյանը տեսակցությունից հետո «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Գևորգը խցակիցներից դժգոհություն չի հայտնել։

Ավելի վաղ Գևորգ Սաֆարյանի փաստաբանները հայտարարել էին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, քանի որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը Սաֆարյանին ցանկանում է տեղափոխել գլխավոր մասնաշենք, որտեղ, ըստ պաշտպանների, ակտիվիստին «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար է սպասվում»։ Սաֆարյանը հրաժարվել էր կատարել այդ պահանջը և 23 օր անցկացրել պատժախցում։

Հարազատներից բացի, Սաֆարյանին այսօր տեսակցելու էին գնացել նաև ընդդիմադիր պատգամավորներ Լենա Նազարյանն ու Գևորգ Գորգիսյանը։

«Այս պահին կարող ենք ֆիքսել, որ ինչ-որ քայլեր արվել են խնդիրը լուծելու հետ կապված, և առնվազն Գևորգը մնացել է 6-րդ մասնաշենքում, որտեղ որ ցանկանում էր մնալ», - «Ազատության» հետ զրույցում Գորգիսյանը:

Սաֆարյանի հարցով պարզաբանում ստանալու համար պատգամավորներն այսօր հանդիպել են նաև Արդարադատության նախարարին։ Գորգիսյանը փոխանցեց․ - «Նախարարը ասեց, որ ինքը հետամուտ կլինի, որպեսզի մինչև շաբաթվա վերջ խնդիրը լուծում ստանա: Նա որոշ լուրջ փոփոխություններ է ուզում անել այս համակարգում»:

Գորգիսյանի պնդմամբ՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը այսօր չի կարողացել հիմնավորել, թե ինչու մեկ ու կես տարի նույն խցում պահելուց հետո «հանկարծակի որոշվել է Սաֆարյանի ընդհանուր մասնաշենք տեղափոխել»․ - «Մոտավորապես այսպիսի [հիմնավորումներ]՝ մենք շատ ֆակտորներ ենք հաշվի առել, շատ հանգամանքներ ենք հաշվի առել, այս ամենը չեմ կարող ձեզ ասել, բայց գտել ենք, որ ճիշտ որոշումը դա էր․․․ Սա բացահայտ կամայականության դրսևորում է՝ իմ գնահատմամբ»:

Սաֆարյանի հարազատները պնդում են՝ ընդհանուր մասնաշենք տեղափոխելով, իշխանությունները ցանկանում էին լրացուցիչ ճնշումներ բանեցնել Գևորգի նկատմամբ։ Ինչպես Սաֆարյանն է պատմել եղբորը, պատճառը դատական նիստերից մեկի ժամանակ ոստիկանների հասցեին հնչեցրած քննադատությունն է եղել․ - «Առանց իրա բացատրությունը լսելու, առանց որևէ հիմնավորվման, իրան ապօրինի կերպով տեղափոխել են պատժախուց»:

Այն, որ կալանավայրում խոշտանգումներ են տեղի ունենում, փաստում են նախկին բանտարկվածները և բանտերում ուսումնասիրություն իրականացող անկախ դիտորդների խումբը։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր մասնաշենքում շաբաթներ անցկացրած ու բռնության ենթարկված ակտիվիստ Վարդգես Գասպարին պնդում է՝ այնտեղ իրավիճակը վերահսկում են բացառապես քրեական տարրերը, որոնք իշխանության հրահանգով ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ են գործադրում կալանավայրում հայտնված ընդդիմադիրների նկատմամբ․ - «Երբ որ հրահանգը իջնում ա զոնայից, որ պետք է այսինքչ․․․ Վարդգես Գասպարիին բռնության ենթարկել, էդ մարդը կարող ա նույնիսկ իրա մորն էլ բռնության ենթարկի՝ երբ որ զոնայից հրահանգը էկավ»:

Գասպարին մի քանի այլ ակտիվիստների հետ այսօր բողոքի ակցիա էր անցկացնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև՝ օմբուդսմենից պահանջելով անհապաղ լուծում տալ Սաֆարյանի խնդրին․ - «Թաթոյանը թող գնա մեկ օր նստի այ էդ խցում, հետո գա, տեսնեմ ինչ կպատմի այդ խցի մասին․․․»

ՄԻՊ գրասենյակից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ պարբարեաբար այցելում են Սաֆարյանին, նրա առողջության այժմ վտանգ չի սպառնում։

Անցյալ տարվա հունվարի 1-ից ճաղերի հետևում հայտնված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը ոստիկանին հարվածելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման է դատապարտված։ Բացի այդ, Սաֆարյանը մեղադրվում է նաև 2015-ի թվականի ապրիլին զանգվածային անկարգությունններ հրահրելու փորձի մեջ։