Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի աշխատակազմը քննարկում է Սաֆարյանի վերաբերյալ ահազանգերը և գրություն է հղել ԱՆ


Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ․
Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ․

«Տոնածառի գործով»՝ Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին, օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Սաֆարյանը և թե՛ նրա փաստաբանը:

Քննարկում սկսելուց հետո, ինչպես նաև դրանից առաջ պարբերաբար տեղի են ունեցել չհայտարարված այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Սաֆարյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել նաև շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին, և այսօր:

«Սաֆարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ նրա բոլոր պնդումներն ու մտավախությունները պետք է դառնան մանրամասն քննարկման առարկա և հաշվի առնվեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Տեղաբաշխման հարցը լուծելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի նաև համատեղելիության հարցը: Բարձրացված է նաև նրա պահման պայմանների հարցը», - ասված է հաղորդագրությունում:

Սաֆարյանի նկատմամբ կիրառված տույժերի իրավաչափության, դրանց կիրառության իրավական հիմքերի, պատժախցում պահվելու ժամկետը լրանալուց հետո տեղաբաշխելիս խցում պահվող այլ անձանց նրա հետ համատեղելիության և անվտանգության ապահովման հարցերի առնչությամբ օմբուդսմենի աշխատակազմը համապատասխան գրություն է հասցեագրել արդարադատության նախարարություն (ԱՆ):

«Գևորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ», - վստահեցնում է օմբուդսմենի աշխատակազմը:

Հիշեցնենք՝ Սաֆարյանի փաստաբաններն ահազանգում են, թե նրա կյանքին վտանգ է սպառնում․ քրեակատարողական հիմնարկը Սաֆարյանին առանձնախցից ցանկանում է տեղափոխել ընդհանուր մասնաշենք, որտեղ, ինչպես պնդում են ընդդիմադիր գործչի պաշտպանները, նրան «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար» է սպասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG