«Սասնա ծռերի» նկատմամբ բռնության փաստով հարուցված գործով դեռ մեղադրյալներ չկան

Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) «Ազատությանը» փոխանցեցին, որ մոտ մեկ ամիս առաջ դատարանի նկուղում, իրենց պնդմամբ՝ ծեծի ենթարկված «Սասնա ծռերի» չորս անդամների գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա։

ՀՔԾ-ն միայն հաղորդում է, որ նախաքննությունը շարունակվում է։

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունից միայն հայտնի է, որ ծեծի մասին ահազանգած «Սասնա ծռերի» չորս անդամներից երեքը՝ Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը տուժող են ճանաչվել:

Ըստ փաստաբանների, նրանց հարցաքննել են, բայց առերեսումներ չեն կատարվել: Փաստաբանները մտավախություն ունեն, որ այս կերպ փորձ է արվում կոծկել գործը:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման, զենք զինամթերք հափշտակելու, պահելու և պատանդ պահելու մեջ մեղադրվող Արեգ Կյուրեղյանը, ով հունիսի 28-ի երեկոյան առաջինն էր բարձրաձայնել ծեծի մասին, ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, անգամ տուժող չի ճանաչվել։

Փաստաբանը ենթադրում է, որ դատարանի նկուղում ուղեկցող ոստիկանների կողմից ծեծի ենթարկված իր պաշտպանյալը տուժող չի ճանաչվել, քանի որ հրաժարվում է ցուցմունք տալ:

«Մենք գիտենք, որ Արեգ Կյուրեղյանը հրաժարվել է բողոք ներկայացնել, հրաժարվել է առհասարակ որևէ քննչական գործողության մասնակցել, իր խոսքերով՝ մենք ռեժիմին չենք վստահում, որպեսզի նրանից արդարադատություն ակնկալենք: Իր դիրքորոշումը դա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշանյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, թե բողոքից հրաժարվելը տուժող չճանաչելու հիմք չէ․ - «Այն, որ ինքը բռնության է ենթարկվել, դա փաստ է, և դա փաստաթղթավորված է: Տեղ է գտել բռնություն, բռնության փաստով ի վերջո քրեական գործ հարուցվեց: Հիմա իրավապահները բռնության ենթարկված անձանց մարմնին առկա մարմնական վնասվածքները պատճառն ու հանգամանքները պետք է բացահայտեն՝ անկախ նրանից՝ տվյալ անձը ուզո՞ւմ է իրենց օգնել այդ ճշմարտությունը բացահայտելու գործում, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, «Սասնա ծռերի» հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

Ծեծի մասին բարձրաձայնած Գագիկ Եղիազարյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեկ ամսվա ընթացքում իր պաշպանյալը միայն հարցաքննվել է, մինչդեռ այս ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի առերեսումներ կատարվեին ոստիկանների հետ։

«Առնվազն մեկ մեղադրյալ արդեն պետք է լիներ», - ասում է Գյուրջյանը՝ մատնանշելով ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին, ում մասին խոսել է ոչ միայն Եղիազարյանը, այլև Արայիկ Խանդոյանը․ - «Եթե բոլոր ցուցմունքներով, հայտարարություններով առկա է տեղեկատվություն, որ առաջին մասնակիցը այդ ծեծի Արմեն Ղազարյանն է, ապա նա շուտվանից պետք է մեղադրյալի կարգավիճակում լիներ: Իհարկե գոհ չենք նախաքննությունից: Իր մասով արդեն իսկ, իմ կարծիքով, պետք է գործը դատարան ուղարկված լիներ»:

Եվ քանի որ գործը տեղից չի շարժվում, Գյուրջյանը կարծում է, թե նախաքննական մարմինը գործը կփակի՝ այդպես էլ որևէ ոստիկանի մեղադրանք չներկայացնելով։ Նա վկայակոչում է ծեծից մեկ օր անց ոստիկանության հաղորդագրությունը, որտեղ նշվում էր, որ ոստիկանները համաչափ ուժ են կիրառել․ - «Պատճառն այն է, որ եթե մինչև հիմա այդ հայտարարությունների, ցուցմունքների ֆոնի վրա Արմեն Ղազարյանը ներգրավված չէ որպես մեղադրյալ, հավանաբար չի էլ ներգրավվելու, իշխանությունը փորձելու է այս գործը տապալել»:

Ծեծի մասին բարձրաձայնելուց հետո Գագիկ Եղիազարյանին Նուբարաշենի բանտում տեսակցած փաստաբաններն ահազանգել էին, որ նա վնասվածքներ ուներ գլխի շրջանում և մարմնի գրեթե բոլոր հատվածներում: Փաստաբանները պատմել էին, որ Եղիազարյանին տապալել են գետնին, այնուհետև նրա ձեռքերին ձեռնաշղթաներ են ամրացրել և շարունակել են այդպես ծեծել:

Փաստաբան Գյուրջյանը կարծում է, որ իրավական երկրում նման միջադեպից հետո առնվազն մեղադրյալների ցանկը պետք է որ հստակեցված լիներ․ - «Ինչ է նշանակում մի ամիս քննել գործը, երբ որ բացահայտ կասկածյալը առկա է: Հիմա իրեն այդ կարգավիճակը տան թե չտան, դրանից բան չի փոխվում․ առանց կասկածի՝ ինքը կասկածյալ և մեղադրյալ է: Եթե իր նկատմամբ կան բազմաթիվ հայտարարություններ «Սասնա ծռերի» անդամների կողմից, և ցուցմունքներում նշված է, որ բռնություն կիրառողը առաջին հերթին ինքն է»:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 28-ի միջադեպից հետո էլ ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը շարունակում է ծառայություն իրականացնել, ավելին՝ ուղեկցել ծեծի մասին ահազանգած «Սասնա ծռերի» անդամներին։ Փաստաբանները սա անթույլատրելի են համարում, բազմիցս այս մասին ահազանգել են դատարանում։ Բայց դատավոր Արտուշ Գաբրիելյանն ի պատասխան պնդել է, որ ինքը չի կարող նրան հեռացնել նիստերի դահլիճից․ դա նախաքննության մարմնի գործն է։

Սասնա ծռերի ծեծի մասին ահազանգից մեկ օր անց հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch-կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել «շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն» իրականացնել դեպքի առնչությամբ և «պատժել մեղավորներին»։