«Սասնա ծռեր» խմբի անդամներից 4-ի նկատմամբ դատարանի շենքում բռնություններ գործադրելու միջադեպի հետ կապված՝ պաշտպանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինչպես «Ազատությանն» այսօր հայտնեց բռնության ենթարկված մեղադրյալներից Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն արդեն իսկ պատրաստ է և մոտ օրերս կուղարկվի Ստրասբուրգ: Փաստաբանի խոսքով, հաշվի առնելով գործի հրատապությունը՝ ՄԻԵԴ- ին խնդրելու են՝ գործը քննել արագացված կարգով:
Գանգատում փաստաբանները պնդում են, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածներ, որոնք վերաբերում են խոշտանգման արգելքին և արդար դատաքննության իրավունքին: Արայիկ Պապիկյանի խոսքով, իրենք դիմում են ՄԻԵԴ՝ այդ կերպ իրենց պաշտպանյալների անվտանգությունն ապահովելու համար:
«Հրատապությունը մի քանի համգամանքով է պայմանավորված: Առաջին՝ մենք չենք կարող բացառել, որ մեր պաշտպանյալների նկատմամբ բռնությունները չեն կրկնվի: Երկրորդ՝ նրանց բուժօգնության առումով պետությունն ուղղակի թերացել է, ըստ էության անգործության են մատնվել: Արայիկ Խանդոյանին բժիշկն այցելել է [միջադեպից] ավելի քան 1 շաբաթ հետո:
Այս բոլոր փաստերն ու հանգամանքները վկայում են, որ ներպետական ատյաններում դրական լուծումներ ակնկալելն ըստ էության միամտություն կլինի, և հուսով ենք՝ ՄԻԵԴ-ը հնարվորինս շուտ կարձագանքի մեր ներկայացրած գանգատին»,- ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նա ասաց նաև, որ բացի այս դիմումից, այլ գանգատներ էլ են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նշենք, որ Ստրասբուրգում «Սասնա Ծռերի» գործով արդեն մի քանի դիմումներ կան: Դրանցից մեկն արդեն վարույթ է ընդունվել:
«Սասնա ծռեր» խմբից Արամ Հակոբյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատությանն» ասաց, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հակոբյանի կալանքի իրավաչափության հարցով գանգատը: Հակոբյանն արդեն մի քանի ամիս է գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նրա հարցով դիմումը, ըստ փաստաբանի, ՄԻԵԴ-ում կքննվի առաջիկա ամիսներին: