«Սասնա ծռեր» խմբի անդամ՝ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը օրերս դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործի շրջանակում ճանաչվել է տուժող: Այս մասին «Ազատությանն» ասաց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Վերջինս նշեց, որ այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ՀՔԾ քննիչը: Նախօրեին նույն գործի շրջանակում տուժող էր ճանաչվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբանին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:
Հանրային մեծ հնչեղություն ստացած այս միջադեպի առիթով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: