«Սասնա ծռերի» գործով դատավորը դատարանից հեռացրեց բոլոր ամբաստանյալներին

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը անցած ամռանը 15 օր գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով այսօրվա դատական նիստի ավարտին դատարանում ամբաստանյալ չէր մնացել։

Նախորդ նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանից հեռացրել էր ամբաստանյալներից 15-ին, իսկ այսօր էլ սանկցիա կիրառեց նիստին մասնակցող մյուս երեք ամբաստանյալների նկատմամբ՝ նրանց ևս հեռացնելով դատարանի դահլիճից։ Բոլորն էլ, ինչպես հայտարարեց դատավորը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

Այսօր առաջինը հեռացվեց Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը։ Նա պահանջում էր դատարան բերել իր ընկերներին՝ ասելով, թե հակառակ դեպքում կլքի դատական նիստերի դահլիճը․ - «Հիմա մենք դուրս ենք գալիս: Ես իմ պաշտպաններիս արգելում եմ դատական նիստի տեղում լինել»:

Արամ Մանուկյանի օրինակին հետևեցին Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը․ նրանք ևս հեռացվեցին։

Ամբաստանյալներից զատ՝ դատավորն այսօր սանկցիա կիրառեց «Սասնա ծռերի» անդամների շահերը ներկայացնող երկու փաստաբանների նկատմամբ: Նախորդ դատական նիստին, հիշեցնենք, սանկցիա էր կիրառվել հինգ փաստաբանների նկատմամբ՝ դատավորը դիմել էր փաստաբանների պալատ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրանց:

Դատական նիստին ներկա փաստաբանններն այսօր ևս վրդովված էին դատավորի գործողություններից։

Ինեսսա Պետրոսյանօին զայրացրել էր գործընկերների նկատմամբ սանկցիա կիրառելու հանգամանքը․ - «Մի կողմից մեզ հրավիրել եք, մյուս կողմից չեք ընդունում, չեք ճանաչում որպես պաշտպան, երրորդն էլ՝ սանկցիա եք կիրառում: Էդ պահը ընդհանրապես անհասկանալի է»:

Դատավորը հայտարարեց, որ փաստաբաններն առանց իր թույլտվության չեն կարող հեռանալ դատարանից։ Մինչդեռ փաստաբաններն ասում են, որ դատական նիստերը լքում են իրենց պաշտպանյալների պահանջով: Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը այս պատճառաբանությամբ այսօր լքեցին նիստերի դահլիճը։

«Ես ստիպված եմ լինելու լքել նիստերի դահլիճը, քանի որ իմ պաշտպանյալներն իմ կողքին չեն», - ասաց Վարոսյանը:

Այսօր ավելի վաղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի դիմումը: Փաստաբանը մի շարք պատճառներ մատնանշեց և հայտարարեց՝ այս դատավորն, ում քթի տակ դատարանի նկուղում ոստիկանները ամբաստանյալներին ծեծում են, ով փաստաբանական գաղտնիք է հրապարակում, չի կարող գործը անաչառ քննել։

Դատավոր Գաբրիելյանը, հիշեցնենք, հրապարակել էր «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի նամակը, որը վերջինս փորձել էր հանձնել փաստաբան Արա Ղարագյոզյանին, սակայն ոստիկանները կանխել էին դա։

Սահակյանի դիմումին միացան նիստին ներկա բոլոր փաստաբանները։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, մինչդեռ, հայտարարեց, թե միջնորդությունն «ամբողջությամբ անհիմն է»:

«Սասնա ծռերի» գործով փաստաբանները մտավախություն ունեն, որ դատավորը ամբաստանյալների և փաստաբանների դեմ սանկցիաներ կիրառելով ցանկանում է ստեղծել մի իրավիճակ, երբ դատական նիստերը կանցկացնի առանց նրանց ներկայության և կամայական որոշումներ կկայացնի:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք-շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։