Դատավորը դահլիճից հեռացրեց Ժիրայր Սեֆիլյանին ու Ներսես Պողոսյանին

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունն այսօր լարված մթնոլորտում ընթացավ:

Դատավորը, տեսնելով, որ Սեֆիլյանն ու մյուս մեղադրյալ Ներսես Պողոսյանը ոտքի չեն կանգնում, որոշեց նրանց վեց ժամով հեռացնել դահլիճից: Ընդդիմադիրները ցանկանում էին պարզաբանել, ելույթ ունենալ, ոստիկաններն ու կարգադրիչները, սակայն, ուժի գործադրմամբ՝ հրելով, ձեռքերը ոլորելով դուրս բերեցին նրանց:

Նիստից առաջ լարված էր դատարանի միջանցքում․ փաստաբանները չէին չկարողանում մուտք գործել դահլիճ՝ հրաժարվելով, ինչպես իրենք են բնորոշում, խուզարկության ենթարկվել:

Դատական կարգադրիչները պահանջում էին, որ Տիգրան Հայրապետյանը բացի պայուսակը: «Դուք լիազորություններ չունեք, որպեսզի էդպիսի կարգադրություններ տաք», - պնդեց Հայրապետյանը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, նախորդ փորձը հաշվի առնելով, պայուսակի պարունակությունը ձեռքին՝ թղթապանակներով էր եկել, բայց կարգադրիչները հիմա էլ պահանջեցին ցույց տալ, թե ինչ կա գրպանի դրամապանակի մեջ: «Ի՞նչ անեմ, մերկացա՞ծ գամ», - կարգադրիչներին հարցրեց նա։

«Ուղղակի ապօրինություն է», - լրագրողներին ասաց Պապիկյանը․ - «Հատուկ նպատակադրված ես ու իմ գործընկերը՝ Նինա Կարապետյանը, պայուսակ չէինք վերցրել: Եվ քանի որ ոչինչ չունեին զննելու, արդեն մեր դրամապանակներն էին ցանկանում զննել: Դրանից ավելի ստորացուցիչ բան փաստաբանին չէին կարող առաջարկել: Մենք խնդրեցինք, որ դատավորը հետամուտ լինի, մեզ ներս թողնեն, չմտնեն մեր գրպանները: Իմանալով այդ ամենը՝ դատավորը նիստը սկսել է և նաև սանկցիա կիրառել մեր պաշտպանյալի նկատմամբ»:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, մինչդեռ, հիմք ընդունելով կարգադրիչներից ստացած գրությունը, որոշեց նաև այս պաշտպանների՝ Տիգրան Հայրապետյանի և Արայիկ Պապիկյանի դեմ սանկցիա կիրառել․ - «Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի՝ արտոնագիր համար 159, և Արայիկ Պապիկյանի՝ արտոնագիր համար 970, նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ»:

Նույնպիսի սանկցիայի արժանացավ նաև փաստաբան Տիգրան Եգորյանը, ով կարգադրիչների հետ խնդիր չէր ունեցել ու այդպես էլ չիմացավ, թե դատավորն ինչու է իրեն պատժում․ - «Անհասկանալի է ինձ համար: Հենց դա ճշտելու նպատակով ես ստիպված եղա բացատրել նախագահող դատավորին, որ պետք է բարի լինել լսել մասնակիցների դիրքորոշումներն ու առարկությունները: Կամ հարցերը կատարված գործողությունների վերաբերյալ»:

Սա դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կիրառած վերջին սանկցիան չէր․ հերթական ընդմիջումից հետո նա ընթերցեց կարգադրիչներից ստացած նոր զեկուցագիրը ու որոշեց դահլիճից մինչև այս գործով դատավարության ավարտը հեռացնել ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Ղումաշյանին և մեղադրյալ Ներսես Պողոսյանի եղբորը՝ Վահե Պողոսյանին․ - «Անհարգալից վերաբերմունք են ցույց տվել դատարանի հանդեպ՝ հայհոյանքներ հնչեցնելով դատարանի հասցեին: Միաժամանակ խոչընդոտել են կարգադրիչների ծառայությանը: Ուստի խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ նրանց պատժելու համար»:

«Դատարանը արդեն դուրս է եկել դատական նիստի սահմաններից, դատարանները վերածվել են անհասկանալի է, թե ինչի: Եթե նախկինում նախարարներին էին, կամ վարչության պետերի տեղակալներին էին ենթարկվում, հիմա կարգադրիչի է ենթարկվում․․․ Սա ծիծաղելի ա», - արձագանեց Տիգրան Հայրապետյանը:

Դատավորի այս իրար հաջորդող սանկցիաները դժգոհություն առաջացրեցին դահլիճում: Ներսես Պողոսյանի մայրն ու քույրը համոզված են, որ Ներսեսին ու փաստաբաներին պատժելով փորձ է արվում առանց նրանց դատ անցկացնել․ - «Ո՞նց կարա մարդը ունենա երկու փաստաբան, և նիստը սկսվել ա, իրա փաստաբանները չկան»:

Օրվա երկրորդ կեսին դատավորը փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ արդեն երկրորդ սանկցիան կիրառեց՝ դիմելով Փաստաբանների պալատ, քանի որ Պապիկյանն ասում էր, որ չի կարող առանց իր պաշտպանյալի մասնակցել նիստին, իսկ դատավորն անդրդվելի էր:

Դատական նախորդ նիստին էլ Տաթևիկ Գրիգորյանը դահլիճից երեք ժամով հեռացրել էր Գևորգ Սաֆարյանին, ով տեղից խոսել էր՝ փորձելով պարզել, թե ինչու մեղադրող կողմին հայտարարություններ անել թույլատրվում է, իրենց՝ ոչ:

Փաստաբանները կարծում են, որ իշխանությունների պատվերով դատարանն անում է հնարավորը, որ նիստերն անցնեն առանց մեղադրյալների ու պաշտպանների, գուցե նաև դռնփակ, որպեսզի արագ ավարտեն քննությունն ու խուսափեն հանրային հնչեղությունից:

«Ամեն ինչ անում են՝ տապալելու պրոցեսը: Ընդամենը լավ կլիներ, դատավորը դատախազների հետ հավաքվեն մի սենյակումմ կայացնեն դատավճիռները, և այս ամբողջը չկազմակերպեն և մարդկանց անտեղի չքաշքշեն», - ասաց Արայիկ Պապիկյանը:

«Շատ հնարավոր ա, որ հաջորդ նիստերին արդեն մեր նկատմամբ ուժ գործադրվի», - նշեց Տիգրան Հայրապետյանը:

«Էստեղ, ես կարծում եմ, մի քանի տարբերակ են քննարկում իշխանությունները: Էս հարցը դուրս է դատարանի կոմպետենցիայից և դատարանի որոշման շրջանակներից: Եվ քննարկում են զուգահեռ մի քանի հարց՝ դռնփակ նիստերի, առանց ամբաստանյալների և առանց նրանց պաշտպանների», - հավելեց Տիգրան Եգորյանը:

Ի դեպ, այսօր ևս դատական կարգադրիչները անձնագրային տվյալներով ցուցակագրում էին նիստին եկած ընդդիմադիրների համակիրներին՝ չնայած իրավապաշտպանների քննադատությանը, թե դա ապօիրինի է ու արվում է հետագայում մարդկանց հետապնդելու նպատակով:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ կապելով իր քաղաքական գործունության հետ: