Նախ երեք ժամով դահլիճից հեռացվեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, ով փորձում էր հարց ուղղել դատավորին, թե ինչու է դատախազներին թույլ տալիս հայտարարություններ անել, իսկ իրենց՝ ոչ:
«Ես հիշեցնում եմ դատարանին, որ մենք հավասար կողմեր ենք մեղադրողի հետ: Դատարանը խտրական մոտեցում է ցուցաբերում», - ասաց Սաֆարյանը: Ի պատասխան դատավոր Գրիգորյանը «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար» նրան հեռացրեց դահլիճից:
Դրանից հետո՝ արդեն օրվա ավարտին, դատավորը արձանագրեց, որ մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չեն կանգնում, երբ ինքը դահլիճ է մտնում: Տաթևիկ Գրիգորյանը նկատողություն հայտարարեց՝ զգուշացնելով, որ հաջորդ անգամ նաև նրանց կհեռացնի դահլիճից:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը տարակուսած էր․ ինչպե՞ ս են այս մթնոլորտում դատական նիստերի մասնակցելու․ - «Գևորգը նիստերի դահլիճից հեռացվեց, որովհետև ինքը օրինական պահանջ ուներ: Իսկ սույն դատարանում օրինական պահանջ ներկայացնելը հղի է անցանկալի հետևանքներով: Ինքնին փաստը ցույց է տալիս, որ մենք չենք կարող ակնկալել արդարադատություն: Դա թեև ուղղված էր Գևորգին, բայց վերաբերում էր մեզ բոլորիս հավասարապես, որպեսզի այլևս պահանջներ կամ օրենք չպահանջենք»:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միտում է տեսնում․ գուցե դատարանը մտադիր է առանց մեղադրյալների նիստեր անցկացնել․ - «Նման բան կա, և ամեն ինչ գնում է դրան: Եթե էդպես կատարվի, բնականաբար դատաքննությունը ամբողջովին կստվերվի»:
Ի դեպ, մինչև նիստի մեկնարկը միջադեպ եղավ դատարանի մուտքի առջև․ փաստաբանները հրաժարվում էին կարգադրիչներին ցույց տալ պայուսակների պարունակությունը՝ որակելով դա խուզարկության փորձ: Դատարանի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցները, սակայն, ասում էին, որ առանց զննության թույլ չեն տալու շենք մտել: Որոշ ժամանակ անց փաստաբաններին, այնուամենայնիվ, թույլ տվեցին առանց զննության դահլիճ մտնել:
Միջադեպին անդրադարձավ նաև դատավորը՝ պնդելով, թե հաջորդ անգամ կարգադրիչները կարող են և ուժ կիրառել, բայց արգելելեց փաստաբաններին էլ իրենց տեսակետը հայտնել:
Դատարանի շենքը ոստիկանական խիստ հսկողության տակ էր՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Մանրամասնորեն զննում էին բոլորին, գրանցում անձնագրային տվյալները:
«Չակերտավոր հրապարակային դատաքննություն, ինչպես ինքն է մտածում, որ հրապարային դատաքննություն է տեղի ունենում, բայց հրապարակային դատաքննության մասնակիցների անհատական տվյալները գրանցում են, ցուցակագրում են, ու էդ ցուցակները ինչ-որ տեղ ա ուղարկվում: Նախագահող դատավորը փոխանակ սպառնա փաստաբաններին, ճիշտ կլիներ, որ հետևեր, որ չահաբեկվեին էն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցեն դատական նիստերին», - ասաց Տիգրան Հայրապետյանը:
Նիստերն արտագնա են՝ երևանյան եզակի դահլիճներից մեկում, ուր մեղադրյալներին դահլիճից բաժանում է հաստ ապակին: Մոտ մեկ տարի անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին, այս գործով անցնող այլ մեղադրյալների ընկերները հոտընկայս բուռն ծափերով դիմավորեցին:
Սեֆիլյանին հաջողվեց միայն մի քանի բառ փոխանակել աջակիցների հետ, ոստիկանները հեռացրին բարձրախոսը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ կասկածի տակ դնելով նրա անաչառությունը, քանի որ ընդամենը մի քանի օր է ծանոթացել գործի մոտ 8500 էջ նյութերին, բայց արագ որոշել, որ, օրինակ, մեղադրյալ, Ներսես Պողոսյանը պետք է ճաղերի հետևում մնա․ - «Եվ եթե այդ ամբողջ ժամանակը տրամադրեր բացառապես սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրմանը, ապա միջին հաշվով մեկ էջ նյութի ուսումնասիրման համար պետք է ծախսեր 0.37 րոպե ժամանակ: Ընդունենք, որ դատավոր Գրիգորյանը սույն քրեական գործի նյութերը չի ուսումնասիրել»:
Մեկ ժամ անցկացնելով խորհրդակցական սենյակում, դատավորը մերժեց միջնորդությունը:
Դատավարությունը կշարունակվի երկու շաբաթից:
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։
Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ կապելով իր քաղաքական գործունության հետ: