Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Սասնա ծռեր»-ի դատավարությունը


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքում, 17-ը հուլիսի, 2016թ․
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքում, 17-ը հուլիսի, 2016թ․

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց 11 ամիս անց մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարությունը: Դատական առաջին նիստը րոպեներ անց հետաձգվեց առանց պատճառաբանության:

Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն էր իրականացնում դատարանի տարածքում։ Դատարանի դահլիճում գտնվող «Սասնա ծռերի» հարազատներն ու աջակիցները ծափերով դիմավորեցին մեղադրյալներին։ Մեղադրյալներից ոչ մեկը ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, թե չեն ցանկանում ենթարկվել դատարանին։

Վարուժան Ավետիսյանը ասաց, թե քրեական օրենսգիրքն իրենց չի վերաբերում։ Նրան հետևեց Արայիկ Խանդոյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ լռություն պահպանելու կոչից հետո էլ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանը բորբոքվեցին։ Ոստիկանները փորձում էին նրանց հանդարտեցնել:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է զինված խմբի գործով 14 մեղադրյալների գործը: Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարեց, որ ևս 18 մեղադրյալի գործ ուղարկել է դատարան:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։

Այս գործով ավելի քան 60 մարդ է անցնում: «Սասնա ծռերը» պնդում են, թե ապստամբության փորձ էին արել՝ իշխանափոխության նպատակով։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։

«Սասնա ծռերի» անդամներից և ոչ ոք առ այսօր ցուցմունք չի տվել։ Նրանք շարունակում են հայտարարել, որ քաղաքական ակցիա են կատարել։ Հայր ու որդի Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հրանտ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում արդարացրեց զինված խմբի անդամների՝ դատարանում ոտքի չկանգնելը: - «Դա ամբաստանյալի իրավունքն է», - պնդեց նա:

Փաստաբանը դժգոհեց նախաքննական մարմնի՝ մոտ մեկ տարվա աշխատանքից․ - «Տվյալ պարագայում Պավել Մանուկյանին մեղսագրվել է մի քանի հոդվածներով հանցանք, բայց թե նրանցից ո՞ր հոդվածն բնորոշ Պավել Մանուկյանի կատարածին՝ դեռևս հայտնի չէ: Դա դատական պրոցեսը ցույց կտա»:

Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանն էլ պնդեց, թե իր պաշտպանյալի կողմից ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության փաստը չի ապացուցվել․ - «Բոլորը նշում են, որ ձեռքից էր վիրավոր ոստիկանը: Միայն մեկ ոստիկան է նշել արյունահոսող որովայնի մասին: Ուրիշ որևէ ցուցմունք, որ որովայնից է վնասվածքը եղել և պաշտպանյալս որևէ առնչություն ունի՝ չկա գործում»:

Բացի ոստիկանության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից, այսօր դատարանում էին նաև «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանը և Խաչատուր Գիչյանը:

Եղնուկյանն, ըստ նախաքննական մարմնի, ընդդիմադիր «Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք անձանց բանտերից ազատ արձակելու պահանջներ է ներկայացրել, դրանից հետո էլ տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով օժանդակել է զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուն և պատանդներին պահելուն։

Խաչատուր Գիչյանն էլ «Սասնա ծռերի» անդամների և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման համար պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ խոստացել է, իսկ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր բեռնատար ավտոմեքենան՝ այդ կերպ օժանդակելով հանցավոր արարքի կատարմանը։

Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG