Շավարշ Քոչարյան․ Կատարի շուրջ ծագած խնդիրը «մեր դաշտից դուրս է»

Երեկ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունից հետո Իրանում ահաբեկչական հարձակմանն այսօր անդրադարձավ փոխարտգործնախար Շավարշ Քոչարյանը՝ վերահաստատելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտում է Իրանում տեղի ունեցած հարձակումները:

«Այն, ինչ որ տեղի ունեցավ Իրանում, շատ դատապարտելի է: Բայց փաստ է, որ սա պահանջում է տարբեր ուժերի, և առաջին հերթին գերտերությունների համագործակցություն», - հավելեց Քոչարյանը:

Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները վկայակոչելով՝ փոխարտգործնախարարը նշում է, որ այսօր որևէ երկիր ապահովագրված չէ նման վտանգից՝ ավելացնելով, որ միևնույն ժամանակ ասել է, թե Կատարն է իրենից վտանգ է ներկայացնում ակաբեկչության տեսանկյունից, ճիշտ չի լինի։

Հիշեցենք, անցյալ շաբաթ Հայաստանը վերացրեց մուտքի արտոնագիրը Կատարի քաղաքացիների համար, ինչին հաջորդեց արաբական այդ երկրի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամը, երբ երեքշաբթի միանգամից 7 արաբական պետություններ հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին՝ պնդելով, թե այդ երկիրը աջակցում է ակաբեկիչներին և ծայրահեղ իսլամիստներին։

«Մեր գիծը՝ կապված ընդհանուր առմամբ զբոսաշրջության հետ, խթանման հետ, շարունակվելու է: Կատարը ընդամենը պետություններից մեկն է: Մոտակա ժամանակ կլինի ևս մի վեց պետություն, որոնց հետ այդ ազատականացումը կանենք: Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանում, ասենք նույն Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար ազատականացում է իրականացրել, և բնական է, որ դա բերել է նրան, որ զբոսաշրջությունը նաև այդ պատճառով այնտեղ ավել է»:

Անցյալ ամիս Հայաստանի նախագահի՝ Կատար կատարած պաշտոնական այցից հետո, երբ ձեռք բերվեցին համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, այսօր Շավարշ Քոշարյանը նշում է, որ Կատարի շուրջ ծագած խնդիրը «մեր դաշտից դուրս է»․ - «Ես կարծում եմ, տարբեր պատճառներ կարելի է նշել, բայց․․․ այդ խնդիրը մեր դաշտից դուրս է»:

Արաբագետ, Սիրիայում Հաայստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով՝ վերջին շրջանում հայ-կատարական հարաբերությունների ակտիվացման ֆոնին Հայաստանում հույս ունեին, թե էներգակիրներով հարուստ Կատարը կարող է հետաքրված լինել ներդրումներ կատարել այստեղ: Սակայն այժմ ճգնաժամում հայտնվելուց հետո, ըստ արաբագետի, Պարսից ծոցի այդ երկրի համար հայ-կատարական հարբերությունների զարգացումը երկրորդական կարևորության հարց է․ - «Կարծում եմ, որ հիմա Կատարը շատ գլխածավանք է, և վերջին հերթին է մտածում Կատար - Հայաստան հարաբերությունների մասին: Բայց, բնականաբար, եթե մնացած բոլոր հնարավորությունները, հիմքերը հարաբերությունների զարգացման համար կան, ապա դրանք կզարգանան: Բայց՝ նորմալ իրավիճակում»:

Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այց Սաուդյան Արաբիա, Կատարի դեմ արաբական երկրների կտրուկ գործողություններ, ապա ահաբեկչություն Իրանում. Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով, այս բոլոր իրադարձությունների միջև նկատելի կապ կա․ Դոնալդ Թրամփը փորձում է հիմքեր ստեղծել 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը վերանայելու համար․ - «Ծոցի երկրները Իրանի հետ ինչ-որ մի բախման մեջ մտնեն․ «պրոքսի պատերազմ», սառը պատերազմի ժամանակ դա անվանում էին պերիֆերիկ․․․ այնտեղ որևէ երկիր Իրանի ռազմական հզորության գոնե տասը տոկոսը չունի: Այսինքն էնտեղ անհնար է նման պատերազմի մեջ մտնել․․․ Խնդիրը, հավանաբար, նոր իրավիճակ ստեղծելն է Իրանում»:

Թեև Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Իսլամական պետություն» խմբավորումը շտապեց ստաձնել պատասխանատվությունը, այնուամենայնիվ, ըստ մասնագետի, տեղի ունեցածում կարելի է նկատել Սաուդյան Արաբիայի հետքերը․ - «Որտեղ երեխան գնում ա, ծունկը վիրավորում ա, ասում ա՝ մենք ենք պատասխանատուն․․․ Այնպես որ, դա ինձ համար որևէ նշանակություն չունի և որևէ ճշմարտություն չի պարունակում: Բայց, բնական է, որ սա ծայրահեղական ինչ-որ կազմակերպության գործ ա, որը ում թելադրանքով է աշխատել, դա էլ ինձ համար ակնհայտ ա՝ Սաուդյան Արաբիայի հետքերը․․․»