Մատչելիության հղումներ

Հարձակումներն Իրանին ավելի վճռական կդարձնեն ահաբեկչության դեմ պայքարում․ Ռոհանի


Իրանի խորհրդարանում ահաբեկչությունից անմիջապես հետո, 7-ը հունիսի, 2017 թ․
Իրանի խորհրդարանում ահաբեկչությունից անմիջապես հետո, 7-ը հունիսի, 2017 թ․

Այսօր Իրանի պաշտոնական ներկայացուցիչներեը հայտարարեցին, որ Թեհրանում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով 17 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը վիրավորվել են:

ԻԻՀ հետախուզության նախարարությունը տարածած հաղորդագրությունում նշել է, որ հարձակվողները հինգն էին, բոլորն էլ իրանցիներ, որոնք հեռանալով երկրից, միացել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին Իրաքում և Սիրիայում, մասնակցել Մոսուլում և Ռաքքայում մղված մարտերին:

Հետախուզության նախարարության հայտարարությունում նաև նշված է, որ հարձակվողները վաղուց կապեր ունեին վահաբիստների հետ: Սունի մահմեդականների առավել պահպանողական այդ թևի ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում Սաուդյան Արաբիայում: Իրանի հետախուզության նախարարությունը նաև հայտնել է, որ ձերբակալել են ահաբեկիչների երրորդ խմբին, կանխելով նոր հարձակումը: Ահաբեկչության հետ հնարավոր առնչություններ ունեցող կասկածյալների ձերբակալության մասին հաղորդել էր նաև ոստիկանությունը: Այսօր Թեհրանում իրավապահները գործում են ուժեղացված ռեժիմով: Զինված ոստիկանները պարեկություն են անում փողոցներում, մետրոպոլիտենի կայարաններում, մարդաշատ այլ վայրերում:

Աշխարհի շատ երկրների առաջնորդներ Թեհրանում տեղի ունեցած հարձակումների հետ կապված հանդես են եկել հայտարարություներով, դատապարտել ահաբեկչությունը, ցավակցել զոհերի հարազատներին: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջաֆադ Զարիֆը «անտանելի» է գնահատել Սպիտակ տան հայտարարությունը և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ-ի օրենսդիրների նախաձեռնությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարությունում հարձակումների կապակցությամբ ցավակցություն էր հայտնել, միաժամանակ նշելով, թե ահաբեկչությանն աջակցող պետությունները կարող են իրենց աջակցած չարիքի զոհը դառնալ: Իսկ ԱՄՆ Սենատում երեկ ներկայացվել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին նախագիծ, որով պատիժներ են նախատեսվում Թեհրանին բալիստիկ հրթիռների փորձարկումների հարցում աջակցողների համար: Որպես պատճառ նշվում է Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին աջակցելը, մասնավորապես, զենքի տրամադրման տեսքով: Նախագծի վերջնական քվեարկությունը տեղի կունանա առաջիկա օրերին:

Իրանի արտգործնախարարն այս առնչությամբ՝ «Թվիթեր»-ում գրել է. «Անտանելի են Սպիտակ տան հայտարարությունը և Սենատի պատժամիջոցները: Իրանցիները դիմակայում են ԱՄՆ-ի հաճախորդների կողմից պաշտպանվող ահաբեկչությանը: Իրանի ժողովուրդը մերժում է ԱՄՆ-ի օրինակով արված նման բարեկամական հայտարարությունը»: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին էլ հյատարարել է, թե ահաբեկչական հարձակումները չեն կարող ազդեցություն ունենալ Իրանի ժողովրդի կամքի վրա:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ այդ հարձակումներն Իրանին ավելի վճռական կդարձնեն տարածաշրջանում ահաբեկչության, ծայրահեղականության և բռնությունների դեմ պայքարում: Ռոհանին միջազգային հանրությանը կոչ է արել համագործակցել ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու հարցում: Բավական կոշտ հայտարարություն է արել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը՝ երդվելով վրեժխնդիր լինել արյունահեղության համար: Ահաբեկչության մեղավորների շարքում հեղափոխության պահապանների կորպուսը մատնացույց է արել Միացյալ Նահանգներին և նրա դաշնակից Սաուդյան Արաբիային:

Թեհրանում երեկ առավոտյան կատարված երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Ծայրահեղ իսլամիստներն իրենց հետ կապ ունեցող ինտերնետային կայքերից մեկում Իրանի խորհրդարանի ներսում նկարահանված՝ գրոհը պատկերող տեսանյութ էին տարածել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG