Մարուքյան․ ՀՀԿ-ն իր քվեարկությամբ «ջուրը լցրեց» նախագահի ելույթը

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ելք» դաշինքի ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ է տալիս Ազգային ժողովի նախագահի կամ հանձնաժողովի նախագահների պաշտոնները պահանջելու փոխարեն լավ աշխատել և հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն հավաքել, որպեսզի կարողանան իրենք էլ հանձնաժողովներ ղեկավարել:

Նշենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նիստերի ընթացքում մեծամասնություն կազմող Հանրապետականը մերժեց ընդդիմադիրների գրեթե բոլոր առաջարկները: Նախ մերժվեցին Հաշվիչ հանձնաժողովում հավասար անդամներ ունենալու, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր նախագահ ընտրելու առաջարկները, մերժվեց նաև Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը չլուծարելու պահանջը:

Ինչպես իր ելույթում նշեց «Ելք»-ի պատգամավոր Արամ Սարգսյանը, մեծամասնություն կազմող Հանրապետականը այդ կերպ ցույց տվեց, որ ընդդիմությունը խորհրդարանում անելիք չունի,ավելորդ են և իզուր էլ գալիս են խորհրդարան․ - «Նախագահը ձերն է, Ազգային ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է․․․ Ի՞նչ մտավախություն ունեք: Ի՞նչ է անելու «Ելք» դաշինքը, եթե Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի․․․ Ասում եք, որ սա նոր խորհրդարան է, որ այս նոր խորհրդարանում նոր տրադիցիաներ պիտի դնեք, ձեր նախագահն էլ էր դա ասում: միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքն էլ է պետք լսել․ դա էլ էր ասվում։ Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի խոսքով ասեմ՝ դոմփելով գնում եք․․․ Է հետո՞, ո՞ւր էլ հասնելու էդ դոմփելով»:

Մինչդեռ Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց, թե «Ելք»-ի խնդիրը ոչ թե Մարդու իրավունքների հանձնաժողովը պահպանելն էր, այլ նեղ քաղաքական խնդիրներ լուծելն ու հանձնաժողովի նախագահի պաշտոն ստանալը: Եվ հետո, ըստ Բաղդասարյանի, խորհրդարանի 9- ը հանձնաժողովներից 3-ը ղեկավարում է «Ծառուկյան դաշինքը», որը ևս ընդդիմադիր խմբակցություն է, իսկ «ընդդիմությունն ընդդիմություն է»․ - «Եթե այդ բանաձևով ընդդիմության այդ երեք թեկնածուները հասել են «Ծառուկյան դաշինքին», այդտեղ Հանրապետականը չէ, որ այդ հարցը կարգավորել է, դա պարզապես հաշվարկի արդյունքում է եղել»:

Նրա խոսքով, այն, որ «Ելք»-ը նեղ կուսակցական շահեր էր հետապնդում, «հաստատվեց նրանց վերջին ելույթներում»:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հարցին՝ Բաղդասարյանն ասաց․ - «Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մնացել է: Եթե անվանման հետ է կապված՝ Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության, կարող ենք տեղերը փոխել՝ դնել Մարդու իրավունքների պաշտպանության և պետաիրավական հարցերի: Որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղաշարժերի հետ կապված, իրենց խնդիրը դա չէր, որ պետք է լուծվեր: Իրենք խնդիրը ընդհանուր առմամբ նաև հանձնաժողովի մեկ նախագահի տեղ ունենալն էր»:

Հարցին, թե ինչո՞ւ այդ տեղը չտվեցին, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Մենք չենք մտածում, թե ում տանք և ինչ չտանք: Ընդդիմությանը երեք հանձնաժողով տրված է»:

Դիտարկմանը, թե երբ ՀՀԿ-ին հարկ է լինում պաշտոններ բաժանել, ընդլայնում են, իսկ երբ պետք չէ, Հանրապետականը կրճատում է, խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Եթե դուք ուշադրություն դարձրել եք, այն ժամանակ նաև ընդդիմադիր մեր գործընկերները անընդհատ պնդում էին, որ պետք է դրանք մեծացնենք, հանձնաժողովները պետք է ավելացնենք․․․ Իրենք էլ համոզվեցին, որ պարապուրդի են ենթարկվում որոշ հանձնաժողովներ»:

Հարցին, թե ի՞նչ էր փոխվելու, եթե 9-ի փոխարեն Ազգային ժողովում 10 մշտական հանձնաժողով լիներ, Բաղդասարյանը հակադարձեց․ - «Էդ դեպքում կարող եք ասել՝ եթե 10-ը չլինեն, 13-ը լիներ, կամ 14-ը․․․ Դաշնակցականներն էլ կարող են հարց բարձրացնել՝ եկեք 14 դարձնենք, 14-ի դեպքում է, կարծեմ, իրենց հերթը հասնում․․․ Մենք արդյունավետությունն ենք առաջին հերթին ուսումնասիրում․ ինչպիսի քանակի դեպքում մենք կունենանք ավելի արդյունավետ աշխատանք»:

«Ելք» խմբկացության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, հակադարձում է, թե Հանրապետականը նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստերի ընթացքում իր քվեարկություններով ուղղակի ջուրը լցրեց իրենց ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի Ազգային ժողովում ունեցած ավելի քան մեկժամանոց ելույթը, որի գլխավոր միտքն այն էր, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականերոն ընդլայնվել է պառլամետական ընդդիմության դերն ու ազդեցությունը: Օրինակն ակնառու է․ թեև ընդդմիությունը կարող էր ստանալ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, բայց Հանրապետականն ամեն ինչ արեց, որպեսզի ընդդիմությանը զրկվի այդ լծակից:

«Իրենք ջուր լցրեցին ամբողջությամբ, ցույց տվեցին, որ իրենք անհանդուրժող, միահեծան, միակուսակցական սիստեմի իշխանություն են: Ամեն բանի պատրաստ են գնալու, միայն թե ընդդիմությունը որևէ լծակ չունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը:

Նրա փոխանցմամբ, ընդդմիությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականում որևէ առավելություն չստացավ․ տեքստերում գրված է մի բան, սակայն իրականությունը լրիվ այլ է․ - «Դե յուրե մենք ունեինք իրավունք Դոնթի բանաձևով: Դե ֆակտո ի՞նչ եղավ: Կրճատվեց էդ հանձնաժողովը, և վերջ»: