Մատչելիության հղումներ

Ընտրվեցին Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահները


Ազգային Ժողովի այսօրվա նիստում մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընտրվեցին իշխող Հանրապետականի և «Ծառուկյան դաշինք»-ի առաջադրած բոլոր թեկնածուները:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյանը (ՀՀԿ), Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վարդան Բոստանջյանը («Ծառուկյան դաշինք»), Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան դաշինք»), Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյանը (ՀՀԿ),

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանը (ՀՀԿ), Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վարդևան Գրիգորյանը («Ծառուկյան դաշինք»), Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ), Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ):

Մինչ ընտրվելը, առաջադրված թեկնածուները հանդես եկան ծրագրային ելութներով: «Զինված ուժերում ծառայության գրավչության ապահովման խնդիրը մեզ համար գերակայություն է»,- քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կորյուն Նահապետյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց տվեց՝ «Մինչ խոսում եք զինված ուժերի գրավչության մասին, տեղյա՞կ եք արդյոք, որ զինվորի առաջին անհրաժեշտության պարագաներն այսօր ծնողներն են ապահովում»։

«Կարծում եմ՝ որոշակի դեպքերում կա չափազանցված մոտեցում: Իհարկե, յուրաքանչյուր ծնող ցանկություն ունի իր զավակի համար առավել լավ պայմաններ ստեղծել: Այնպես չէ, որ այսօր պետությունն այդ նվազագույն բավարար երաշխիքները չի ապահովում: Իհարկե, ավելի ցանկալի կլինի, որ մենք որակական փոփոխություններ կատարենք, և այդ ուղղությամբ լինելու է հետևողական աշխատանք»,- հարցին պատասխանեց Նահապետյանը:

Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանին էլ մտահոգում էին ազգային անվտանգությանն առնչվող «անզգույշ» հրապարակումները: Արձագանքելով այդ մտահոգությանը, Նահապետյանն ասաց՝ խնդիրը ոչ միայն ԶԼՄ-ների հետ է կապված, այլ նաև հենց ԱԺ-ի: Նահապետյանը հիշեցրեց՝ անցյալ տարի կայացած մի փակ քննարկումից հետո նույն օրը քննարկման մասին ողջ տեղեկությունները հայտնվել էին մամուլում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետաքրքրվեց․ «Հնարավոր չէ՞ արդյոք զորակոչի ընթացքում հաշվի առնել առանձին զորակոչիկների ունակությունները և հատուկ տաղանդով օժտվածներին առաջնագիծ չուղարկել»: Միքայելյանը, մասնավորապես, հիշեցրեց 2017 թ. մարտի 28-ին ղարաբաղյան առաջնագծում զոհված, Գինեսի գրքի ռեկորդակիր զինծառայող Արտակ Ռաֆայելյանի օրինակը:

«Համաձայն եմ այդ մոտեցման հետ: Բայց դա չպետք է գերագնահատվի և ստացվի այնպես, որ մենք մեր երիտասարդներին տալով այդպիսի հնարավորություն՝ զրկենք զինվորական ծառայությունը պատշաճ իրականացնելու հնարավորությունից»,- հակադարձեց Կորյուն Նահապետյանը:

«Ելք»-ի մեկ այլ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցն էլ վերաբերում էր ոստիկանության աշխատանքին: Պատգամավորի պնդմամբ, հատկապես վերջին շրջանում շատացել են դեպքերը, երբ ոստիկանության աշխատակիցներն անմահամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Նահապետյանը խնդրեց կոնկրետ դեպքեր նշել, որոնք կարող են հանձնաժողովում քննարկման առարկա դառնալ: Նաև հավելեց․ «Ինչ վերաբերում է այդ ոլորտին, չափազանց կարևոր եմ համարում ոստիկանության նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության մակարդակի բարձրացումը»:

Կորյուն Նահապետյանն իր խոսքում ընդգծեց, որ բացի ընդդիմադիր պատգամավորների թվարկածներից, ոլորտի լրջագույն հարցերից են նաև գնումների գործընթացի թափանցիկությույնը և բանակը ժամանակակից սպառազինությամբ հագեցնելը: Նաև հավելեց՝ այս առումով հանձնաժողովին լուրջ աշխատանքեր են սպասվում:

ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող Հրայր Թովմասյանի թեկնածության քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը դիտարկում արեց՝ Հայաստանում ձևավորվել է մի համոզմունք, որ առկա է «ընտրական կաշառքի համակարգված բնույթ»: Այս դիտարկմանն ի պատասխան, Թովմասյանը կարծիք հայտնեց՝ ընտրակաշառքը կվերանա այն ժամանակ, երբ հասարակության մեջ կձևավորվի քաղաքական, իրավական բարձր մշակույթ:

Երեկ խորհրդարանում թեժ քննարկումների առարկա էր դարձել Մարդու իրավունքների հանձնաժողովի լուծարումն ու դրա միավորումը Պետաիրավական հարցերի հանձնաժողովին: Հանրապետական Մարգարիտ Եսայանը, ով նախորդ գումարման ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալն էր, այսօր պնդեց, որ նախկինում այդ հանձնաժողովը «շատ լավ ու ակտիվ է աշխատել»: Նա հույս հայտնեց, որ նոր ձևաչափում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումը չի ստորադասվի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող Խոսրով Հրությունյանն իր ծրագիրը ներկայացնելիս կանգ առավ մի քանի կետի վրա, մասնավորապես, ընգծելով՝ հանձնաժողովի գլխավոր նպատակներն են լինելու ՓՄՁ-ների համար նպաստավոր պայմանների և ներդրումների համար հրապուրիչ միջավայրի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը:

Ընդդիամդիր «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը «լուրջ կասկածներ» ուներ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանին կհաջողվի իրականություն դարձել այդ խոստումները: Համեմատություն անցկացնելով հարևան Վրաստանի հետ, որն իր ապագան կերտում է Արևմուտքին ինտեգրվելու ճանապարհով, Սարգսյանը համադրեց Վրաստան ու Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվերը, ինչպես նաև երկու երկրներում օտարերկրյա ներդրումների ծավալները, ինչը Հայաստանի օգտին չէր:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, որ եթե մի պահ պատկերացնենք, որ դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, մյուս օրը Եվրամիությունը մեզ գրկաբաց ընդունելու է: Իհարկե ոչ: Փոխարենը մենք ունենալու ենք պրոբլեմներ, կապված տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային անվտանգության հետ»:

Ազգային Ժողովի այսօրվա նիստի ավարտին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ օրակարգում դեռևս մնում է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Այն քննարկման առարկա կդառնա, երբ նոր ձևավորված կառավարությունը ծրագիրը ներկայացնի խորհրդարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG