Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն արձագանքում են ԱԺ-ում Մարդու իրավունքների առանձին հանձնաժողովի լուծարմանը


Իրավապաշտպանները և նախկին՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ղեկավարը խիստ բացասական են գնահատում նորընտիր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի վերացումը։

«Ցավում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը միացվել է Պետաիրավական հանձնաժողովին, և կարծում եմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանի Հանրապետությունում մտահոգիչ է, այս պահին այսպիսի որոշում չպետք է կայացվեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախկին նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Էլինար Վարդանյանը՝ նկատելով, որ նոր օրենքով հանձնաժողովներին տրվել են վերահսկողական ավելի լայն գործառույթները, և հիմա հատկապես մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստանում կարող էր է՛լ ավելի լուրջ դեր ունենալ․ - «Այս պարագայում հանձնաժողովի գործառույթների վերապահումը մեկ այլ հանձնաժողովի իրականում մտահոգության տեղիք է տալիս»:

Հանձնաժողովի վերացումը սխալ որոշում համարող իրավապաշտպան Արթուր Սաքունցն ավելացնում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնող Հայաստանում գոնե տեսականում թվում էր, թե լուծարման փոխարեն այդ հանձնաժողովը պետք է դառնար ամենակարևորներից մեկը․ - «Պառլամենտական վերահսկողության իրականացման բովանդակային մոտեցման տեսակետից, միջազգային պարտավորությունների կատարման, Եվրամիություն - Հայաստան նոր համաձայնագրի տրամաբանությունից ելնելով՝ թվում էր, թե պետք է ավելի մեծ քաղաքական նշանակություն տրվի: Իսկ նրան միավորելով, թեկուզ անվան մեջ էլ լրացնելով, օբյեկտիվ տեսակետից մոտեցումը դառնում է մնացորդային»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, օրեցօր վատթարացող իրավիճակ ունեցող Հայաստանում բոլորովին պատահական չէ, որ 12 հանձնաժողովներից առաջինը լուծարվեց հենց այդ հարցով զբաղվողը․ - «Ամեն մի օղակ, ուր կարող էր դիմել քաղաքացին, ուր կարող էր դիմել մարդը, հատկապես օրենսդիր մարմնում աշխատող հանձնաժողովը կարևոր էր: Մեկ շաբաթվա մեջ վեց զինծառայող մենք կորցրեցինք բանակի ներսում և ոչ թե սահմանին: Եվ «բանակասեր» Հանրապետական կուսակցությունը պետք է մտածի այս խնդիրների մասին: Ասենք, ո՞ւր են դիմելու այդ ծնողները»:

Ալեքսանյանի խոսքով, անցած ամռանը Խորենացի փողոցում և Սարի թաղում բռնությունների դեպքերից մինչև օրս կարելի է թվել մարդու իրավունքների կոպիտ խախտման տասնյակ դեպքեր, որոնք չեն արժանացել իրավապահ մարմինների ճիշտ գնահատականին: Նա հիշեցրեց նաև Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցածը, երբ ոստիկանները նրան փորձել էին բռնի ուժով մեքենա նստեցնել․ - «Ասում է՝ ամբողջ ժամանակ աղջկաս մասին էի մտածում․․․ Մի վիճակ, որը անտանելի վիճակ է: Բացահայտ բռնություն պատգամավորի, կնոջ, չորս երեխաների մոր նկատմամբ, և Շարմազանովը ասում է, որ բռնություն չկա»:

Ալեքսանյանը հատկապես զարմանալի է համարում, որ անգամ նախկին դատախազ, այժմ պատգամավոր Գևորգ Կոստանյանը չտեսավ մարդու իրավունքների հանձնաժողովի անհրաժեշտությունը Հայաստանում․ - «Մարդ, որը կառավարության ներկայացուցիչն է Եվրոպական դատարանում, և նա բոլորից լավ գիտի, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, մարդու իրավունքների ոլորտում ինչ է տիրում: Եվ նա հիմնավորում էր, որ մեզ այդպիսի հանձնաժողով պետք չի: Հենց նա պետք է հիմնավորեր, որ մեզ պետք է այդպիսի հանձնաժողով»:

4-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի տեսակետը, մինչդեռ, չի համընկնում իրվապաշտպանների դիրքորոշմանը. նա հիշեցնում է 2008-ի մարտի 1-ի դեպքերը, որոնցից հետո ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն անգամ լսումներ չհրավիրեց․ - «Վերին աստիճանի քիչ թվով օրենսդրական նախաձեռնություններ են քննարկել, շատ քիչ թեմաներով խորհրդարանական լսումներ են իրականացրել: Ավելին չասեմ: Պարզապես, ասենք, երկրում տեղի է ունենում Մարտի 1-ի նման իրադարձություն, և Մարդու իրավունքների հանձնաժողովը, ասենք, անգամ խորհրդարանական լսումներ չի հրավիրում: Ասել, թե դրանք խորհրդարանի համար պետք չեն, ճիշտ չի լինի, բայց եթե դրանք չեն գործելու, իսկապես հանուն պետական բյուջեն չվատնելու, նպատակահարմարությունը սկսում է կասկածի տակ դրվել»:

XS
SM
MD
LG