«Հետք»-ի խմբագիր․ Շոուի հեղինակը ոչ թե մենք ենք, այլ իշխանություններն են

«Հետք» էլեկտրոնային պարբերական գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արխիվ:

«Հետք» պարբերական գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի պնդմանը, թե այդ ամենն իր դեմ պատվիրված շոու էր, համաձայնեց, որ դա իրոք շոու է, բայց դրա հեղինակները ոչ թե անհայտ պատվիրատուներ են, այլ Միհրան Պողոսյանը և Հայաստանի իշխանությունները:

«Այս շոուն վերջացավ, և երևի թե կային որոշակի ուժեր, որոնց պետք էր, որ այն ժամանակվա գլխավոր հարկադիր կատարողը՝ Միհրան Պողոսյանը, ունենա որոշակի խնդիրներներ», - «Արմենիա» հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել էր ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարը:

Պողոսյանի վերաբերյալ անցյալ տարվա ապրիլին ծավալուն հետաքննությամբ հանդես եկած «Հետք»-ի խմբագիրը վստահ է, որ եթե իրավապահ մարմինները իսկապես լուրջ քննություն իրականացնեին, «Ռ-Էվոլյուցիայի» եթերում Միհրան Պողոսյանը չէր պնդի, թե ինչ-ինչ ուժեր պատվիրել էին, որ իր անունը հայտնվեր Պանամայի օֆշորային գոտու գաղտնազերծված փաստաթղթերում․ - «Սկսում ես մտածել շոու ա, բայց շոուի հեղինակը ոչ թե մենք ենք, այլ իշխանություններն են, իրավապահ մարմիններն են: Ես նորից եմ ասում, որ քննություն չի կատարվել: Դրա համար Միհրան Պողոսյանը հիմա ինչ ասես, կարող է ասել: Իրավապահ մարմինները, իշխանությունը, Սերժ Սարգսյանը իրեն այդ հնարավորությունը տվել են, որ հիմա բոլորիս կարող է մեղադրել հանգիստ: Մենք հրապարակել ենք փաստեր, փաստերով ընդհանրապես իրավապահները չեն հետաքրքրվել, որովհետև անընդհատ ասում են, որ իրավապահների մոտ Պանամայի փաստաթղթերի Միհրան Պողոսյանի վերաբերյալ փաթեթը չկա»:

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, արխիվ:

Հատուկ քննչական ծառայությունը Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո ավելի քան 8 ամիս իրականացրած քննության ընթացքում այդպես էլ չի խնդրել «Հետք»-ին տրամադրել օֆշորին առնչվող փաստաթղթեր։ ՀՔԾ-ից չեն կապվել խմբագրության հետ նաև այն ժամանակ, երբ լրագրողները վստահեցրին, որ Շվեյցարիայի իրավապահներից ստացված պատասխանի համաձայն, նրանք ՀՔԾ-ի հետ պատրաստ են համագործակցել, եթե վերջիններս նորից և ճիշտ լրացնեն տեղեկություն ստանալու հայտը։

Հիշեցնեմ, հունվարի վերջին Հայաստանի իրավապահները վստահեցրին՝ Շվեյցարիան հրաժարվել է իրավական աջակցություն հատկացնել Հայաստանին։

«Սխալ հայց են ներկայացրել փոխօգնության և գործը փակել են: Այդ հայտարարությունը արել ենք, հոդված գրել ենք․․․ Էլ ինչ կարող ենք անել», - նշեց Բաղդասարյանը:

Չնայած ՀՔԾ-ի վստահեցմանը, թե չեն կարողացել համագործակցել Շվեյցարիայի հետ, որտեղ, ըստ հետաքննության, հաշիվներ ուներ Միհրան Պողոսյանը, այնուամենայնիվ, Պողոսյանը երեկ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պնդեց, թե իրավապահները պարզել են, որ ինքը հաշվիներ չի ունեցել․ - «Հատուկ քննչական ծառայությունը 8 ամիսների ընթացքում կարողացավ բազմաթիվ հարցումներ կատարել: Եվ այդ հարցումներից առաջ իմ գրասենյակն արդեն իսկ ուղղել էր հարցում համապատասխան բանկին և ստացել էր պատասխան, որ նման հաշիվներ չկան և նման կազմակերպություններ չկան»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով ևս շոուն շարունակվում է, միայն թե այժմ սա արդեն նախընտրական շոու է։

Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Պողոսյանը, նույն կուսակցության ռեյտինգային ցուցակի թեկնածուներից է։

«Ես կարծում եմ, որ շատ ավելի վաղ է պատրաստվել այդ քարոզչական մեքենան՝ նրան պատգամավոր դարձնելու համար: Այո, մեր հայտարարության մեջ կար տերմինը, որ ՀՔԾ-ն կոծկեց գործը, բայց նաև հեռու ենք այն մտքից, թե ՀՔԾ-ն սեփական պատասխանատվությամբ և ինքնուրույն որոշմամբ եկավ այդ եզրահանգմանը, որ քրեական գործը պետք է կարճել: Նրա հայտնվելն արդեն իշխանության շրջանում, կամ իշխանամերձ շրջանակում, նշանակում է, որ նրան ներվել են նրա այն արարքները, որ պատճառ դարձան, որպեսզի նա հրաժարական տա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրանյանը:

Նա վկայակոչեց մամուլի հրապարակումները, թե Միհրան Պողոսյանը շռայլ ընտրակաշառք կամ հեռախոսներ է բաժանում ընտրողներին․ - «Նրան ստիպեցին հրաժարական տալ: Եվ նրանք, ովքեր ստիպեցին հրաժարական տալ, հիմա ունեն նրա կարիքը: Նա, ի վերջո, գուցե խարիզմատիկ է, բարեգործ է․․․ բարեգործության անվան տակ շատ դժվար է հասկանալ՝ դա ընտրակաշառքի խոստո՞ւմ է, թե՞ բարեգործություն»: