Պանամայի իրավապահ մարմինները նախօրեին ձերբակալել են օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող Mossack Fonseca իրավաբանական ընկերության երկու հիմնադիրներին: Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով Պանամայի դատախազությանը, փոխանցում է, որ ընկերության հիմնադիրներ Ռամոն Ֆոնսեկան և Յուրգեն Մոսակը կասկածվում են կոռուպցիայի և փողերի լվացմանն առնչություն ունենալու մեջ:
«Քննությամբ ձեռք բերված տվյալները փաստում են, որ Mossack Fonseca-ն կասկածելի ծագման փողերի և ակտիվների քողարկմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է», - հայտարարել է Պանամայի գլխավոր դատախազ Քենիա Պորսելը:
Mossack Fonseca-ի անունը հայտնի դարձավ շուրջ մեկ տարի առաջ, երբ ընկերությունից միլիոնավոր փաստաթղթերի արտահոսքը հիմք հանդիսացավ «Պանամական փաստաթղթեր» անունը ստացած միջազգային հետաքննության համար: Պարզվեց, որ Mossack Fonseca-ի հետ կապված են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 12 երկրի ղեկավարներ, նրանց թվում արծարծվում էին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների անունները: Հայաստանից օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
Հայաստանից միջազգային հետաքննությանը մասնակցած «Հետք» պարբերականը գրել էր, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների, որոնցից երկուսը հանդիսանում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնետերերը, իսկ այդ ընկերությունն իրականացրել էր անշարժ ու շարժական գույքի գնահատում Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ-ի համար: Հետաքննությունը պարզել էր նաև, որ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողին պատկանող ընկերությունները հաշվեհամար են բացել շվեյցարական բանկերից մեկում:
Ինքը՝ Պողոսյանը հերքեց օֆշորային ապօրինի գործունեությանն առնչություն ունենալու մեղադրանքները, այդուհանդերձ, երբ հայաստանցի մեծահարուստ պաշտոնյայի անհայտ ծագման ունեցվածքի մասին փաստացի ապացույցներ հրապարակվեցին, Պողոսյանը ութ տարի պաշտոնավորումից հետո հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
Մեկ ամիս անց հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով` «ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը», իսկ հարուցումից շուրջ ութ ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Պողոսյանի վերաբերյալ գործը կարճվել է, քանի որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակից լինելու հանգամանքը չի հիմնավորվել:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ նախկին ղեկավարը առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հանրապետականի տարածքային ցուցակով առաջադրվելու է Երևանի թիվ 1 ընտրատարածքում: