Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները շարունակելու են բոյկոտը

Ընդդիմադիրների բոյկոտը ձախողում է Վանաձորի ավագանու նիստը: 13-ը դեկտեմբերի, 2016 թ․

Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում այսօր փոխանցեց, որ ընդդիմադիրները ևս երեք ամիս կշարունակեն բոյկոտել ավագանու նիստերը, մինչև կլրանա օրենքով նախատեսված 6 ամիսը, ինչից հետո ավագանին ինքնաբերաբար պետք է ճանաչվի անգործունակ և լուծարվի:

Ընդդիմադիր գործիչն օրերս ստացել է Կառավարության որոշումը, որով մերժվել է ավագանին վաղաժամ լուծարելու դիմումը․ - «Վարչապետը պատասխանելու պատասխանատվությունը դրել էր Տարածքային կառավարման նախարարության վրա: Եվ Տարածքային կառավարման նախարարությունը պատասխանել էր ընդամենը տեխնիկական մասով, որ սահմանված նստաշրջանի ընթացքում մեկ նիստ տեղի է ունեցել, դրանից հետո երեք ամսվա ժամկետը չի լրացել և այլն, և այլն: Բայց խնդիրը տրամաբանության մեջ էր, և եթե մեր գործողությունները այս ընթացքում եղել են շատ բաց, թափանցիկ և որևէ կերպ չեն հուշում, որ մեր գործելաոճը շարունակվելու է, և պետք չէ սպասել նոր նստաշրջանի կամ ևս երեք ամսվա, որպեսզի հասկանան, որ բոյկոտը շարունակվելու է, և նիստեր չեն կայանալու: Հիմա ստիպված պիտի առաջնորդվի Կառավարությունը նույն օրենքի 23-րդ հոդվածով, ըստ որի ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չլինելու դեպքում Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Այս պարագայում արդեն սահմանված չեն թույլատրելի կամ չթույլատրելի ինչ-որ պայմաններ, այսինքն չի ասում՝ կարող է լուծարել կամ կարող է նշանակել․․․ Օրենքի կետը միանշանակ ասում է, որ Կառավարությունը նշանակում է նոր ընտրություններ»:

Ընդդիմադիրները Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտում են հոկտեմբերի 10-ից, երբ գաղտնի քվերակությունից հետո քաղաքապետ դարձավ ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանը, թեև ընդդիմադիր երեք կուսակցությունները պայմանավորվել էին քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Վերջինս ասում է, որ գործադիրն ուներ իրավական հիմքեր ավագանին վաղաժամ չլուծարելու համար, սակայն պետք է հաշվի առներ խնդրի տրամաբանական կողմը․ - «Հիմա եթե Վանաձորի այս վիճակը ձեռնտու է հենց իշխող կուսակցությանը, և որևէ քայլ չեն պատրաստվում անել այս վիճակը լուծելու համար, այդ ևս երեք ամիսը անցնելու է ամեն դեպքում: Պարզապես մեր դիմումի իմաստը նրանում էր, որ իրենք ավելի շատ հենվեն տրամաբանության վրա և իրավիճակին լուծում տան՝ օգտագործելով օրենքով սահմանված լծակները, ինչը և մենք չենք տեսել հենց Կառավարության պատասխանի մեջ»:

Մամիկոն Ասլանյանը կառավարության մերժումը չցանկացավ մեկնաբանել: Ավելի վաղ նա «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ավագանին վաղաժամկետ լուծարելու համար հիմքեր չկան, իսկ ինքը որպես քաղաքապետ իրականացնում է իր գործառույթները․ - «Անհիմն, ինչ-որ մտացածին, ինչ-որ երազանքների գրկից դիմում էին գրել: Ես իմ գործերը անում եմ, ինչը որ կարելի ա անել առանց ավագանու համաձայնության»:

Ավագանին վաղաժամկետ լուծարելու՝ «Լուսավոր Հայաստանի» դիմումին միացել էին նաև «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

Ընդդիմադիրների պահանջի հիմքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է, ըստ որի, եթե ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում, Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները։ Ըստ ընդդիմադիրների՝ 6 ամիս նիստ չգումարելու դեպքում ավագանին ինքնաբերաբար լուծարվում է, և նշանակվում են նոր ընտրություններ կնշանակվեն: