Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն Վանաձորի ավագանին լուծարելու առաջարկով դիմում են կառավարությանը


Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում են ավագանու նիստը, դեկտեմբեր, 2016թ․
Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում են ավագանու նիստը, դեկտեմբեր, 2016թ․

«Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) կուսակցության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը:

Լրատվական ծառայության փոխանցմամբ, փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ:

«Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն: Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարևոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների և սկզբունքների խորը տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում», - ասված է հաղորդագրությունում։

Այսպիսով՝ առաջարկվում է կառավարությանը վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG