Կառավարությունը մերժել է Վանաձորի ավագանին լուծարելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջնորդությունը:
Պահանջի հիմքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է, ըստ որի, եթե ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում, Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները։ Կառավարության մերժման հիմքում էլ այդ ժամկետի բավարար չլինելն է։
Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները հոկտեմբերի 10-ից բոյկոտում են ավագանու նիստերը։ Այդ օրը կայացած ավագանու նիստում գաղտնի քվերակությունից հետո քաղաքապետ դարձավ «Հանրապետական» Մամիկոն Ասլանյանը, թեև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները պայմանավորվել էին քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին:
«Լուսավոր Հայաստանի» խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը Ազատությանը փոխանցեց, որ հետագա քայլեր, միանշանակ կլինեն և դրանց մասին իրենք առաջիկա օրերին կհայտարարեն․ - «Մենք թույլ չենք տալու, որպեսզի մանդատագողությամբ քաղաքապետի աթոռը զավթած անձը և կուսակցությունը շարունակեն այնպես գործել, ինչպես որ իրենց կամքը կթելադրի և մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթանակի այն արդարությունը, որը պետք է հաղթեր»։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե Մարուքյանների պահանջն անհիմն է, իսկ դիմումը՝ մտացածին և երազանքների գրկից գրված։ Նրա խոսքով՝ իրենք առանց ավագանու համաձայնության էլ իրենց գործերն անում են․ - «Մենք հենց հիմա էլ զբաղված ենք ձյան մաքրման աշխատանքներով, այնպես որ իրենք իրենց գործի անունը դրել են բոյկոտ՝ թող դնեն։ Ես իրենցով այլևս չեմ հետաքրքրվում, չեմ զբաղվում։ Իրենք իրենց գործն ունեն, ես անում եմ իմ գործը։ Առանց ավագանու համաձայնության ես իմ գործերը անում եմ՝ ինչը որ կարելի է անել առանց ավագանու համաձայնության»։
Կառավարությանը ներկայացված պահանջին միացել էին նաև «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները։ Վերջինիս փոխնախագահ Մհեր Շահգելդյանի խոսքով՝ հետագա քայլերը ևս կլինեն համատեղ և իրենք միասին դեռ կմտածեն դրանց շուրջ։ Ինչ վերաբերում է Կառավարության որոշմանը, ավելացրեց. - «Գյումրիում ստացած ձայներից մի-մի հատ տարան՝ գողացան, ըստ էության։ Վանաձորում լրիվ այլ իրավիճակ էր, և այսօր փաստը մնում է փաստ, որ չեն կարողանում կառավարել երկրորդ և երրորդ խոշորագույն քաղաքներում Հայաստանի, որովհետև քաղաքական ուժերի հարաբերակցությունը և ձևավորումը դեմոկրատական մոտեցումներին համապատասխան չէր։ Այսինքն՝ ընտրությունները եղան, դրանից հետո ձևավորումը մարմինների»։