Նախարար․ Քննարկվում է Բեսլանի մոտ վթարում տուժածներին պետբյուջեից աջակցություն ցուցաբերելու հարցը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը (ձ) և Առողջապահության նախարար Վահան Պողոսյանը լրագորղների հետ հանդիպմանը: 19-ը հոկտեմբերի, 2016 թ․

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ դա լինելու է միայն «բարի կամքի դրսևորում», քանի որ ոչ-կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում օրենքը փոխհատուցում չի նախատեսում:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի փոխանցմամբ, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված 27 անձինք, ովքեր բուժօգնություն էին ստանում հայաստանյան բժշկական կենտրոններում, արդեն դուրս են գրվել, իսկ Ռուսաստանում գտնվող 4 տուժածները դեռևս շարունակում են բուժում ստանալ:

«Ռուսաստան Դաշնությունում հիմա գտնվում են չորս անձինք: Մեկը ծանր վիճակում է, մյուս երկուսը տեղափոխվել են այլ քաղաք՝ վիրահատության համար, մեկին կազմակերպում ենք տեղափոխման համար, որևի վաղը կլինի Հայաստանում», - մանրամասնեց Պողոսյանը:

Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի շրջակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ էր մահացել, 2-ը՝ Հայաստանի քաղաքացի: Դեպքի վայր այցելած Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանի խոսքով, դեռ հստակ չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը․ ռուսական կողմն իրականացնում է քննություն, և քննարկվում են հնարավոր բոլոր վարկածները․ - «Ե՛վ տեխնիկական անսարքությունը, և՛ մարդկային գործոնը, և՛ վարորդի առողջական վիճակի հետ կապված հարցերը»:

Շուրջ մեկ տարի առաջ Ռուսաստանի Տուլայի մարզում վթարվել էր Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում իրականացնող մեկ այլ ավտոբուս: Պատահարի արդյունքում 9 մարդ մահացել էր, ևս 43-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս վթարից հետո տրանսպորտի գործունեությունը համակարգող նախարարությունը նախաձեռնեց ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություն: Անցել է տասնմեկ ամիս, սակայն նախագիծը դեռ Ազգային ժողովում է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլորգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով, ինքը փորձում է արագացնել գործընթացը․ - «Կապնվել եմ Ազգային ժողով, և միգուցե ավելի արագ ընթացակարգով փորձենք անցկացնել: Ես այսօր չեմ կարող խոստանալ, ասել, թե երբ կլինի դա, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Նախարարն ասաց, որ քննարկվում է տուժածներին պետբյուջեից աջակցություն ցուցաբերելու հարցը, բայց դա լինելու է միայն «բարի կամքի դրսևորում», քանի որ ոչ-կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում օրենքը փոխհատուցում չի նախատեսում․ - «Ես այսօր չեմ կարող հնչեցնել թվեր, բայց շուտով կհայտարարենք»:

Թե՛ Տուլայի, թե՛ Բեսլանի մոտ վթարված ավտոբուսները, ըստ գրանցման, իրականացրել են ոչ-կանոնավոր ուղևորափոխադրում, ինչը ենթադրում է ավելի քիչ վերահսկողություն տրանսպորտային միջոցի և վարորդի նկատմամբ:

Տրանսպորտի փոխնախարար Արամ Արսենյանն ասաց, որ փոփոխությունների նախագիծը խորհրդարանում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Օրինագծով նախատեսվում է, որ խիստ վերահսկողության են ենթարկվելու ոչ միայն կանոնավոր, այլև ոչ-կանոնավոր ուղևորափոխադրումները․ - «Այդ փոփոխություններով մենք խիստ վերահսկողություն ենք սահմանում տոմսերի վաճառքի վրա, վերահսկողություն ենք սահմանում այն բանի վրա, որ ոչ-կանոնավոր ուղևորափոխադրումը լինի իսկապես ոչ-կանոնավոր ուղևորափոխադրում: Օրենսդրական բաց ա սա: Չի կարելի, որ միայն սահմանի վրա անվանացուցակը ցույց տա, ցույց տա վճարման անդորրագիր ու ասի՝ ես ոչ-կանոնավոր եմ, գնացի, ես տուրիստ եմ տանում Ռուսաստան»:

Փոխնախարարի փոխանցմամբ, այսօր գրանցված է 16 միջպետական կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերություն, որոնցից ոչ մեկը դեպի Ռուսաստան ուղևորափոխադրում չի իրականացնում:

Նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև երեկ Երևան - Սևան մայրուղում ուսանողների տեղափոխող միկրոավտոբուսի վթարին՝ խոստանալով, որ կանոնակարգվելու է նաև ներքին ուղևորափոխադրումների ոլորտը: