Մատչելիության հղումներ

Երևան - Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարում վիրավորներից մեկի վիճակը ծանր է


Երևան - Սևան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 18-ամյա ուսանողուհի, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը։ Եվս 9 հոգի ստացել է մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ։

Ուսանողների տեղափոխող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց գոտով ընթացող մեքենային։

Միկրոավտոբուսի վարորդը և ևս 2 ուսանողներ տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

«Ազատության» հետ զրույցում հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավարը ներկայացրեց հիվանդների վիճակը. - «Մեզ մոտ հիվանդների վիճակը գնահատվում է․ Հրանտի մոտ, որը իմիջիայլոց մեր համալսարանի ուսանողներից է, միջին ծանրության, ունի գանգուղեղային վնասվածք: Իսկ Շահանեի մոտ թեթև աստիճանի գանգուղեղային վնասվածք է: Ներկա պահին այդ երկուսի վերաբերյալ կարող եմ հստակ ասել, որ կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս հիվանդը, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ներկայումս վիճակը գնահատվում է ծանր»:

Վթարի պատճառների մասին առայժմ տարբեր վարկածներ կան։ Միկրոավտոբուսի վարորդի հարազատներն ասում են, որ պատճառն անվադողի պայթելն էր։

Վարսեր գյուղի գյուղապետ Զավեն Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում կասկածի տակ առավ, որ մեքենան ձմեռային անվադողերով է երթևեկել: Նրա փոխանցմամբ՝ միկրոավտոբուսը պատկանում է գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանին, ով որոշել էր բարեգործություն անել հոկտեմբերի 23-ին անցկացվելիք ընտրություններից առաջ և ուսանողներին անվճար տեղափոխել։

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ վարորդը մի քանի տարի առաջ աչքի վիրահատություն է տարել, և միգուցե մեքենա վարելու իրավունք էլ չուներ:

Մինչդեռ «Ազատության» հետ զրույցում վարորդի՝ 50-ամյա Գագիկ Ստեփանյանի քրոջ տղան՝ Էմին Վարդանյանը հերքեց, որ իր քեռին երբևէ վիրահատել է աչքը․ - «Իմ քեռին առողջ է, տեսողության խնդիր չունի»:

Գյուղապետի թեկնածուն, իր հերթին, հերքեց, որ միկրոավտոբուսն իրեն է պատկանում։ Իսկ հարցին, թե ինքը որքանով կապ ունի ուսանողների անվճար տեղափոխման հետ, խոստացավ պատասխանել ավելի ուշ։

XS
SM
MD
LG