ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձ) և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Լոզանի բանակցություններում: 15-ը հոկտեմբերի, 2016 թ․

Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Հալեպում շարունակվում են ռմբակոծությունները:

Ի պատասխան Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքով, վերջնական որոշումը կընդունվի առաջիկա օրերին:

Քերրին հավելել է, որ Միացյալ Նահանգների կարծիքով, ռուսաստանյան օդուժի ռմբակոծությունների հիմնական թիրախը ոչ թե «Իսլամական պետության» ահաբեկչական խմբերն են, այլ սիրիական չափավոր ընդդիմությունը․ - «Ռմբակոծությունների շուրջ ութսուն տոկոսը հենց չափավոր ընդդիմությանն է ուղղված»:

Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին է խոսվում նաև Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Բորիս Ջոնսոնի և Ջոն Քերրիի համատեղ հայտարարությունում:

Սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, որ տեղի ունեցավ անցած շաբաթավերջին Լոզանում, էական արդյունքի չհանգեցրեց: ՌԴ արտգործնախարարն ու իր ամերիկացի պաշտոնակիցը մի քանի ժամ տևած բանակցություններից հետո որևէ հայտարարությամբ հանդես չեկան:

Ջոն Քերրին լրագրողներին ընդամենը ասել էր․ - «Հանդիպման հիմնական նպատակը Սիրիայում ստեղծված կացությունից դուրս գալուն ուղղված նոր մոտեցումների ձևակերպումն էր»:

Ըստ արևմտյան մամուլի, Շվեյցարիայում կայացած Լավրով-Քերրի հերթական բանակցությունները, ըստ էության, տապալվել են, ինչին հետևել է Քերրիի հայտարարությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Մինչդեռ Լյուքսեմբուրգում, որտեղ այսօր ընթանում է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքը, Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը չի քննարկվելու:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. - «Եվրամիության անդամ պետություններից ոչ մեկը դեռ չի առաջարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով: Եվ մենք նման հարց այսօր չենք քննարկում»:

Եվրոպական մամուլն ավելի վաղ գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հոկտեմբերի 20-ին հայտարարել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու իր առաջարկի մասին: «Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են արդեն այս հինգշաբթի ԵՄ անդամ երկրների ղեկավարներին ներկայացնել Սիրիայի ճգնաժամի հետ առնչություն ունեցող 12 ռուսաստանցիների ազգանունները, որոնց նկատմամբ առաջարկվում է սահմանել պատժամիջոցներ:

Հայտնի չէ, թե արդյոք ցուցակում ընդգրկված են Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանը, սակայն, մտադիր չէ հրաժարվել Սիրիայում վարած քաղաքականությունից: Այսօր հայտնի է դարձել, որ սիրիական Տարտուսում ռուսաստանյան ռազմածովային բազայի տեղակայման մասին համաձայնագիրը կնքվել է 49 տարով: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ համաձայնագրի վավերացման մասին օրենքը Պետդումա կներկայացվի մեկ ամսվա ընթացքում: