Մատչելիության հղումներ

Հալեպը դարձյալ կրակի մեջ է, ռուսական օդուժը վերսկսել է հարվածները


Սիրիայից ստացվող վերջին հաղորդումների համաձայն, մի քանի օր տևած հարաբերական դադարից հետո ռուսական օդուժը վերսկսել է Հալեպի արևելյան շրջանների բնակելի թաղամասերի ռմբակոծությունը՝ կրակի տակ են շրջափակման մեջ հայտնված քաղաքի Բուստան ալ Քասր և Ֆարդոս շրջանները, կան մի քանի տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխաներ:

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցերով դիտորդական խմբի փոխանցմամբ, սա ամենաուժգին ռմբակոծությունն է սիրիական կառավարության՝ օդային թռիչքները կրճատելու մասին հավաստիացումներից հետո: Հոկտեմբերի հինգին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կրճատելու են Հալեպի արևելյան շրջաններում ռմբակոծությունները՝ կոչ անելով քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ զինված ապստամբներից:

Սիրիական կառավարությունը ռուսական օդուժի օգնությամբ փորձում է վերադարձնել ապստամբների վերահսկողության տակ անցած Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը: Սեպտեմբերի քսաներկուսին մեկնարկած այդ գործողությունների հետևանքով սիրիացի իրավապաշտպանների գնահատականներով առնվազն 290 մարդ է զոհվել՝ հիմնականում քաղաքացիական անձինք:

Նախօրեին Հալեպում վերսկսված ուժգին ռմբակոծությունները իրականացվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փարիզյան այցի չեղարկման ֆոնին. միջազգային լրատվամիջոցները, վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները, հայտնեցին, որ նախագահ Պուտինը որոշել է չեղարկել ֆրանսիական այցը այն բանից հետո, երբ Փարիզը հայտարարեց, թե նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումն ամբողջությամբ նվիրված է լինելու սիրիական խնդրին:

«Ես հասկանում եմ, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի եկել, որովհետև իրականում նրանք ուժեղացրել են Հալեպում ռմբակոծությունները: Սիրիայի հարցի քննարկման համար Փարիզ այցելությունը բեռ կլիներ նրա համար»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ էրոն, ով ավելի վաղ հայտնել էր, թե Փարիզը մտադիր է դիմելու միջազգային քրեական դատարանին՝ խնդրանքով հետաքննել Սիրիայի և Ռուսաստանի զինուժի գործողությունները Հալեպում:

Այս հայտարարություններին նախօրեին միացավ նաև Լոնդոնը. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Մոսկվային մեղադրեց Հալեպի բնակելի թաղամասերն ու խաղաղ բնակչությանը ռմբահարելու մեջ: Նա նաև պնդեց, թե ապացույցներ կան այն մասին, որ ՄԱԿ-ի մարդասիրական բեռ փոխադրող շարասյանը Հալեպում հարվածներ էր հասցրել ռուսական օդուժը:

«Հասանելի բոլոր ապացույցները վկայում են, որ այդ հանցագործության պատասխանատուն Ռուսաստանն է, որն էլ պետք է կանգնի միջազգային տրիբունալի ի առաջ», - մասնավորապես հայտարարել էր Ջոնսոնը:

Կրեմլը հետևողականորեն հերքում է այս մեղադրանքները՝ դրանք համարելով ռուսատյացության հերթական դրսևորում:

«Մարդասիրական բեռ փոխադրող շարասյունը ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումների կողմից», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու: Փոխարենը՝ Կրեմլի ղեկավարն ասել է, թե Մոսկվայի հասցեին մեղադրանքները գործին չեն օգնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG