Սերգեյ Կյուրեղյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կմնա անփոփոխ

Armenia -- The Appeal court of RA, undated.

Վերաքննիչ դատարանը մերժեց Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանի և զինված խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու բողոքները:

Արթուր Սարգսյանը («Հաց բերողը»), իր փաստաբանի պնդմամբ, «պատժվում է հանցանք չկատարելու համար»:

Ըստ Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանի, եթե «Սասնա ծռերին» սնունդ հասցնելը քրեորեն պատժելի արարք է, ապա նույն տրամաբանությամբ զինված խմբին օժանդակելու մեղադրանքքով պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ․ - «Էդ դեպքում պետք է նախաքննության մարմինը հետամուտ լինի ու նաև այն երեք բժիշկներին, որոնք օգնություն են ցուցաբերել, նրանց ևս քրեական պատասխանատվության ենթարկելու քայլեր անել»:

Նրա պնդմամբ՝ 48-ամյա «Հաց բերողին» կալանքի տակ պահելը քաղաքական որոշում է: Փաստաբանը հիշեցրեց, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալին կալանավորել էր «Սասնա ծռերին» մեղսագրվող հոդվածներով, իսկ հիմա այդ մեղադրանքը հանվել է․ - «Էս գործընթացի զավեշտալիությունը հենց նրանում է կայանում, որ մեղադրանքը կալանավորումից հետո փոփոխվել է, և դա պետք է հիմք հանդիսանար վերանայման որոշման․․․ Որովհետև առերևույթ կասկածը կալանավորման ժամանակ մեկ այլ հանցագործության կատարման կապակցությամբ էր հայտնվել քննչական մարմնի կողմից: Հետագայում վերաորակվում է այս արարքը, հետևապես պետք է վերանայվի նաև դրա արդյունքում կիրառված խափանման միջոցը»:

Դատարանն այսօր մոտ կես ժամում քննեց ու անփոփոխ թողեց «Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանի կալանքի որոշումը: Վերջինիս փաստաբան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը դատարանում պնդել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

«Նա հայտնեց, որ ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա նա արդարանալու կարիք չունի», - փոխանցեց Շուշանյանը:

Հուլիսի 17-ին զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով, ըստ Հատուկ քննչական ծառայության, կա 60 մեղադրյալ: