«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա», -հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից վերադարձի ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին:
Ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը` օրակարգային մի շարք խնդիրների թվում Էրդողանը անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին ու քննադատել հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբին:
Թուրքական «Հաբերթյուրքի» փոխանցմամբ` Էրդողանը խոսել է Թուրքիա - Ռուսաստան - Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու գաղափարի մասին, որին, ըստ նրա, հավանություն են տվել և՛ ռուսական, և՛ ադրբեջանական կողմը: Թուրքիայի նախագահի խոսքերով` այս ձևաչափով համագործակցության նպատակն է մոտիկից հետևել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը անարդյունավետ է` Էրդողանը կարծիք է հայտնել, որ եթե Թուրքիան ընդգրկված լիներ այդ խմբում, ապա հակամարտության կարգավորման գործընթացը կարող էր այլ արդյունքի հանգել:
«Արդեն 23-24 տարի է անցել, սակայն Մինսկի խմբի անդամ երկրները խնդիրը չեն լուծել, կամ չեն ցանկացել լուծել: Իհարկե, այստեղ խոսք է գնում օկուպացիայի մասին և բոլորը ընդունում են դա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ խնդիրը չի հանգուցալուծվում: Սակայն հիմա որոշակի զարգացումներ կան: Պարոն Պուտինը այս հարցով զբաղվում է, պարոն Ալիևը ևս այդ մասին ինձ պատմեց: Իմ ցանկությունն է, որպեսզի այն հինգ շրջանները, որոնց մասին ավելի վաղ խոսվել է, ազատվեն, այդ պարագայում, կարծում եմ, կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց կգրանցվի», - ասել է Էրդողանը:
Խոսելով պետերբուրգյան այցի արդյունքների մասին` Թուրքիայի նախագահը կարևորել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը` ընդգծելով երկկողմ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու ցանկության մասին:
Ի պատասխանելով այն հարցին, թե Արևմուտքը ինչպես կընդունի Պուտինի հետ հանդիպումն ու ռուս-թուրքական մերձեցումը` Էրդողանը չի կարևորել արևմտյան արձագանքը:
«Կարևորն այն է, որ այցը արդյունավետ է անցել»,- ասել է Թուրքիայի նախագահը` համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը երկկողմանիորեն շահավետ է և անկասկած դրական անդրադարձ կունենա Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության վրա:
Օգոստոսի 9-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում երկու երկրների հարաբերություններում ավելի քան ութ ամիս տևած ճգնաժամից հետո: Թուրքական մամուլը Պուտին - Էրդողան հանդիպումը պատմական է որակում` գրելով, թե ռուս-թուրքական մերձեցումը վախեցնում է Արևմուտքին: