Մատչելիության հղումներ

Պուտին – Էրդողան հաշտեցում` ութ ամիս շարունակված փոխադարձ մեղադրանքներից հետո


«Ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ». Ռուսաստանի նախագահն այսօր այսպես ողջունեց թուրք գործընկերոջը Սանկտ Պետերբուրգում՝ մոտ ութ ամիս շարունակված փոխադարձ մեղադրանքներից ու հարաբերությունների սառեցումից հետո:

«Վստահ եմ, որ այսօրվա մեր որոշումների ու քայլերի արդյունքում ռուս-թուրքական համագործակցությունն էլ ավելի կխորանա», - իր հերթին հայտարարեց Թուրքիայի նախագահը, ով այցից առաջ պնդել էր, թե Պուտինն իր ընկերն է, և որ իրենք շատ անելիքներ ունեն:

«Ձեր այսօրվա այցը՝ չնայած Թուրքիայում առկա շատ դժվարին ներքաղաքական դրությանը, խոսում է այն մասին, որ մենք բոլորս ենք ուզում վերականգնել մեր երկխոսությունն ու հարաբերությունները՝ ի շահ թուրք և ռուս ժողովուրդների», - նշեց Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով, որ հանդիպման օրակարգում են ոչ միայն երկկողմ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների վերականգնումը, այլև տարածաշրջանային հարցեր:

«Տարածաշրջանում մեզնից մի շարք հարցերով քաղաքական լուծումներ են ակնկալում», - հայտարարեց Ռեջեփ Էրդողանը՝ վստահություն հայտնելով, որ Պուտինի հետ համագործակցությունը մեծապես կնպաստի առկա խնդիրների լուծմանը:

Ի դեպ, հարյուրավոր լրագրողների համար նախատեսված կարճատև բրիֆինգի ժամանակ Պուտինը հարկ համարեց հատուկ սատարել Էրդողանին ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում: Հակադրվելով Արևմուտքին, որը քննադատում է թուրք առաջնորդի հետզհետե խորացող ավտորիտար քաղաքականությունը, Պուտինը հիշեցրեց՝ ինքը Էրդողանին ձեռք է մեկնել դժվարին պահին և պատրաստ է կրկնել. - «Գիտեմ, որ առաջիններից մեկն էի, որ զանգահարեցի Ձեզ՝ աջակցելու ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում: Ուզում եմ կրկին ընդգծել, որ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք կտրականապես և միշտ դեմ ենք սահմանադրությանը հակասող ցանկացած գործողության: Եվ ես հուսով եմ, որ Ձեր իշխանության ներքո Թուրքիայի ժողովուրդը կհաղթահարի այս ճգնաժամը»:

Չթաքցնելով, որ Պուտինի զանգը ոգևորել է իրեն` Էրդողանը պնդեց, թե շարունակելու է ամրապնդել ժողովրդավարությունը Թուրքիայում և, ըստ էության, կրկին ուղերձ հղելով Արևմուտքին, պնդեց՝ իրեն ողջ ժողովուրդն է սատարում` որպես ապացույց բերելով կիրակի կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքը:

Այս պահին երկու ղեկավարները շարունակում են հանդիպումը փակ դռների ետևում, քիչ անց բանակցություններին կմիանան նաև նախարարներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները: Արդեն խոսվում է հնարավոր նոր հանդիպման մասին, մասնավորապես, հաղորդվում է, որ Էրդողանը կարող է այս ամսվա վերջին արդեն Պուտինին հրավիրել Անթալիա՝ Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղը դիտելու: Մինչ այդ արևմտյան լրատվամիջոցները, անդրադառնալով երկու ղեկավարների այսօրվա սիրահոժար ու բարեկամական հայտարարություններին, հիշեցնում են՝ ամիսներ առաջ դեռ Պուտինը խոսում էր թիկունքից հասցված թուրքական հարվածի մասին, Էրդողանն էլ հայտարարում էր՝ եթե կա մեկը, որ պետք է ներողություն խնդրի՝ Ռուսաստանն է` Թուրքիայի օդային տարածք ներխուժելու համար»:

«Ցար Պուտինի ու Սուլթան Էրդողանի հաշտեցումը», - այսպես է այսօր ֆրանսիական «Ֆիգարոն» վերնագրել հոդվածը` փաստելով՝ նրանք շատ նման են իրար՝ երկուսն էլ ավտորիտար են, ազգայնական, տանել չեն կարողանում քննադատությունն ու անասելիորեն ձգտում են միջազգային ճանաչման: Մյուս կողմից, երկուսն էլ լուրջ տարաձայնություններ ու դժգոհություններ ունեն Արևմուտքի հետ, Պուտինը՝ Ղրիմի, Էրդողանը՝ իր ավտորիտար կառավարման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG