Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով, ըստ Հատուկ քննչական ծառայության, մեղադրյալ է ճանաչվել 44 անձ, որոնցից 42-ը կալանավորված են։
ՀՔԾ-ն հայտնում է, որ ևս 2-ը ունեն կասկածյալի կարգավիճակ՝ չնշելով սակայն նրանց անունները։
Նախաքննական մարմինը նաև տեղեկացնում է, որ հիվանդանոցում են գտնվում երեք անձ, որոնց անունները ևս չեն հրապարակվում։
Քրեական այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածներով՝ պատանդ վերցնելը, շենք, շինություններ զավթելը և ապօրինի զենք, զինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը։ ՀՔԾ-ի փոխանցմամբ, այս գործով տուժող է ճանաչվել 19 անձ, որից 10-ը որպես պատանդ վերցնելու և պահելու մասով։
Հիշեցնեմ, որ «Սասնա ծռերը» գնդի տարածքը գրավելիս պատանդ էին վերցվել նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նրանց զինված խմբի անդամները, ինչպեսև մյուս պատանդներին, ազատ էին արձակել։
Միևնույն ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ Երևանի բնակիչ Գ. Ս. -ի բնակարանում հայտնաբերել է մեծ քանակությամբ ռազմաթերք, ձերբակալվել է երկու անձ։ Հայտնաբերված ռազմամթերքը, ըստ ԱԱԾ-ի, կարող է առնչություն ունենալ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ:
«Սասնա ծռերի» անդամներից հիվանդանոցում է գտնվում 3 հոգի՝ Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը և Թաթուլ Թամրազյանը։ Նրանց պաշտպանները պնդում են, որ նախաքննական մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ նրանց դեռ չի տվել՝ ելնելով առողջական վիճակից։ Բայց, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Արմեն Լամբարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ՀՔԾ-ն ապօրինություն է թույլ տալիս՝ արգելելով պաշտպաններին և հարազատներին տեսակցել նրանց։
Պետրոսյանն ահազանգում է, որ նախաքննական մարմինն իրեն չի ներգրավում որպես Լամբարյանի պաշտպան՝ դրանով խախտելով վերջինիս իրավունքները։ Պաշտպանը մտահոգություն ունի, որ Լամբարյանին խոշտանգել են, և հենց այդ փաստը չբացահայտելու համար են իրեն արգելում տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամին։
«Մինչդեռ դա չի կարող որևէ ձևով հիմք հանդիսանալ, որպեսզի զրկեն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից այն դեպքում, որ արդեն հինգ օր ա այդ հարցը բարձրացվում ա, և արհեստականորեն ուղղակի անձին զրկում են այդ իրավունքից», - նշեց փաստաբանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Արմեն Լամբարյանի մարմնի վրա հրազենայինից բացի, այլ վնասվածքներ չկան։ Բժշկի փոխանցմամբ, և՛ Լամբարյանի, և՛ Սեդրակ Նազարյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, թեև երկուսի մոտ էլ որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել․ - «Արմեն Լամբարյանի վիճակը ներկայումս գնահատվում է իբրև ծանր, սակայն կայուն, դրական փոփոխություններով: Մենք ունենք դրական փոփոխություն առաջին հերթին վերքերի առումով, հետո իր ընդհանուր ինքնազգացողությունն էլ է ավելի բարելավվել: Ես ուղղակի որպես բժիշկ, որպես ծառայության ղեկավար, կարող եմ ասել, որ բացի այդ հրազենային վնասվածքից, մենք այլ ինչ-որ բաներ չենք հայտնաբերել: Այս պահին մի փոքր դժվար է կանխատեսում անել: Ամեն դեպքում մենք ունենք դրական էդ միտումը: Ինձ թվում է, կարճ ժամանակահատված հետո, եթե ոչ մի նոր խնդիր, բարդություն չառաջանա կապված վերքերի ու ինֆեկցիայի հետ, նա կարող է ենթակա լինի բուժումը շարունակել ոչ վերակենդանացման բաժանմունքում»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ևս հայտնում են, որ Արմեն Լամբարյանն ու Սեդրակ Նազարյանը խոշտանգված չեն:
Լամբարյանի հարազատներն օրեր շարունակ Սպիտակ քաղաքից գալիս են Երևան՝ փորձելով լուր իմանալ վերակենդանացման բաժամունքում ոստիկանության հսկողության տակ բուժվող Արմենի մասին։
Մորը՝ Փիրուզե Լամբարյանին, մինչև օրս թույլ չի տրվում գոնե կարճ ժամանակով որդու մոտ մտնել․ - «Գոնե չեն թույլ տալի երկու րոպե մտնեմ, նայեմ։ Իմ էրեխու վիճակը չիմանա՞մ: Վերջապես մայր եմ, չէ՞»:
Փիրուզե Լամբարյանը պատմեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ղարաբաղյան պատերազմի տարիներին որդու հրամանատարն է եղել, և որ որդին հանուն հայրենիքի է գնացել այդ քայլին։ Ընտանիքի համար տարօրինակ է, որ մինչև օրս որդուն արգելում են օգտվել փաստաբանի ծառայություններից․ - «Դա էլ ա ինձ շատ անհանգստացնում»:
Այսօր Սյունիքից Էրեբունի հիվանդանոց՝ որդուց լուր ստանալու էին եկել նաև Սեդրակ Նազարյանի ծնողները։ Մայրը՝ Կարինե Ավետիսյանը պատմում է, որ 34-ամյա որդին երկու տարի առաջ է Իսպանիայից վերադարձել, միացել Սեֆիլյանի խմբին․ - «Ասում էր՝ մամ, պետք ա դզվենք, պետք ա մեր կարգերը փոխվեն, պետք ա ժողովուրդը լավ ապրեն»:
Հատուկ քննչական ծառայությունը հիվանդանոցում գտնվող զինված խմբի անդամների մասին լրացուցիչ տեղեկություն չի հաղորդում։