Երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության կողմից «Սասնա ծռերի» 20 անդամների ձերբակալությունից հետո ԱԱԾ-ն հայտարարում է, որ Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։ 24 անձի մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք զինամթերք պահելու հոդվածներով։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ, ԱԱԾ-ում հարուցված գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում, թե խմբի որ անդամը որ հոդվածով է ձերբակալված կամ կալանավորված։
«Սասնա ծռերի» անդամ, Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրվել: Նա ձերբակալված է և գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում։
Ավետիսյանը պաշտպանների՝ Տիգրան Եգորյանի, Մուշեղ Շուշանյանի, Կարո Բադալյանի և Վահե Գրիգորյանի միջոցով «Ազատությանը» փոխանցել է, որ, իրենց կարծիքով, Հայաստանը կարիք ունի խորքային և արմատական փոփոխությունների։
«Արտաքին ասպարեզում մենք պետք է ազատագվենք ռուսական գաղութատիրությունից ու դուրս գանք ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձեւաչափից: Իսկ նեքին ասպարեզում պետք է այդ գաղութատիրությունը սպասարկող վարկաչակազմը փոխարինենք ժողովրդի օրինակարգ ընտրությամբ ձևավորված կառավարությամբ», - հայտարարել է Վարուժան Ավետիսյանը։
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված ու 15 օր իր վերահսկողության տակ պահած «Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելուց հետո ԱԱԾ-ն հաղորդեց, թե հակաահաբեկչական օպերացիան ավարտված է, ձերբակալված է 20 ահաբեկիչ։
ԱԱԾ-ի հաղորդագրությունում, մինչդեռ, ահաբեկչության հոդվածի մասին հիշատակում չկա։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը սա համարում է անմեղության կանխավարկածի խախտում․ - «Այնտեղ նշված էր՝ քսան ահաբեկիչներ: Ինքնըստինքյան դա անմեղության կանխավարկածի խախտում է․ վերագրվում էր այն քսան հոգուն, որ ձերբակալել են»:
Զինված խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլի) պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ գնդի տարածքը գրավելուց հետո փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում, երբ հորդորել էր «Սասնա ծռերին» հանձնվել, ասել էր, թե եթե իրենց հորդորները չլսեն, իրենք ի վիճակի են վնասազերծել նրանց:
«Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում», - ասել էր փոխոստիկանապետը։
«Ինքը ընդհանրապես իրավունք չուներ նման հայտարարություն անելու», - այս առնչությամբ ասաց Պապիկյանը և շարունակեց․ - «Նման հայտարարություն անելուց հետո առնվազն նրա նկատմամբ պիտի ծառայողական քննություն իրականացվի»:
Փաստաբանը, ով գիշերը տեսակցել է Խանդոյանին, փոխանցեց, որ վերջինիս վնասվածքները թեթև են, և բժշկական միջամտության կարիք չկա․ - «Արայիկ Խանդոյանը ժպիտը դեմքին էր, կենսուրախ: Ես հարցրեցի՝ ի՞նչ կցանկանաս փոխանցեմ մերձավոր ազգականներին՝ տիկնոջը, զավակին, բարեկամներին, ինքը ասաց՝ բոլորին խնդրում եմ փոխանցես, որ ես շատ եմ սիրում Հայաստանը, ես շատ եմ սիրում հայ ժողովրդին»:
Նախաքննական մարմինը Արայիկ Խանդոյանին դեռևս մեղադրանք չի առաջադրել: Նա պաշտպանի միջոցով փոխանցել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչպիսի մեղադրանք կառաջադրվի․ - «Ինքը նշում է, որ իր կատարած գործողությունները ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության բարօրության ապահովմանը, և ինչ մեղադրանք կառաջադրեն, ինչպիսի հոդվածներ կառաջադրեն կամ Քրեական օրենսգրքի ինչ դրույթներ կտարածեն նրա վրա, այսպես ասեմ, իրեն բոլորովին չի հետաքրքրում: Ինքը միանշանակ պնդում է, որ ինքը չի կատարել և մտադրություն չի ունեցել կատարել այնպիսի արարք, որը որակվում է Քրեական օրենսգրքով, այլ ընդհակառակը՝ ինքը ազնիվ մղումներով է կատարել այդ գործողությունները»:
Երեկ ուշ երեկոյան ձերբակալված «Սասնա ծռերի» մյուս անդամների վերաբերյալ Հիմանդիր խորհրդարանը տեղեկութուններ դեռևս չունի։