Հանրային քննարկման մասնակիցները կարծում են, որ իշխանությունը «պետք է հետևություններ անի»

Արխիվ -- Ցուցարարները պաստառներ են պարզել ի պաշտպանություն ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալների, 29-ը հուլիսի, 2016թ․

Եթե իշխանությունները հետևություններ չանեն «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններից, ապա զինված ըմբոստությունները կարող են կրկնվել, նման կարծիքի էին այսօր Ազատության հրապարակում հանրային քննարկում անցկացնող մի խումբ քաղաքացիներ:

«Եթե իշխանությունները ուշքի չգան և հետևություններ չանեն, ոչ միայն նախադեպ է լինելու, այլև համատարած նման ընդվզումներ են լինելու Հայաստանում», - մասնավորապես, կարծիք հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը:

Երեկ երեկոյան զենքերը վայր դրած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանի հարազատներից Անի Նավասարդյանի պնդմամբ, այս պահին չկա բավարար ուժ իշխանափոխություն իրականացնելու համար, բայց իրենք պատրաստվում են շարունակել Խորենացի փողոցից մեկնարկած բողոքի գործողությունները:

«Անհնազանդության որոշ քայլեր պիտի լինեն՝ զուտ էդ կրակը պահելու համար ու նաև, որ տղաներին չնեղացնեն էնտեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անին:

Նավասարդյանը ձերբակալվել էր հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով, իսկ ավելի ուշ ազատ էր արձակվել: Ակտիվիստի խոսքով, այժմ, երբ այլևս ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավված չէ, իշխանությունները այդ պատրվակով չեն կարող հավաքներ նախաձեռնողներին մեկուսացնել․ - «Ով որ փորձում էր ժողովրդին կազմակերպել, ինքը դիտվում էր որպես հանցակից: Այս քայլով տղաները փաստորեն ազատեցին՝ ժողովրդին ասացին, որ հիմա այդ քրեական գործոնը հանում ենք, այ հիմա փորձեք կազմակերպվել, քանի որ այդ ալիքը արդեն բարձրացել էր»:

Ավելի քանի երկու շաբաթ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի հանձնվելու մասին լուրը հայտնի դարձավ երեկ երեկոյան․ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ «նախորդ երկու օրերին գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է»:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում էր ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում:

Մինչև հանձնվելու մասին լուրը, երեկ առավոտից Խորենացի փողոցից լսվում էին պայթյունների և կրակոցների ձայներ: Իսկ Սարի թաղի բնակիչները հաղորդում էին, որ ՊՊԾ գնդից ծուխ է բարձրանում:

Կեսօրին մոտ ոստիկանությունը տեղեկացրեց, որ զինված խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը կրծքավանդակի շրջանում վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, ևս երկու զինյալներ, ըստ ոստիկանության՝ «դուրս էին բերվել» գնդի տարածքից: Երեկոյան Հիմնադիր խորհրդարանի անդամները փոխանցեցին, որ իրավապահները գրավյալ գնդի պատերը քանդելով գրոհ են իրականացրել և մտել ներս, ինչից հետո «Սասնա ծռերի» անդամները որոշել են արյունահեղությունից խուսափել, և, առանց մարտի բռնվելու, հանձնվել՝ իրենց հռչակելով ռազմագերիներ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել զինված խմբի երեք անդամներ: Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ երեկ հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ ընդունվել է նաև մեկ ոստիկան, որն այժմ բուժում է ստանում բաժանմունքում: