Ակտիվիստի փաստաբանը կրկին անհամապատասխանություն է տեսնում վկաների ցուցմունքում

Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, արխիվ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր վկայություն տվող ևս երկու ոստիկան պնդեցին, որ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում Գևորգ Սաֆարյանը բռունցքի շեշտակի հարված է հասցրել իրենց վերադաս մայոր Գեղամ Խաչատրյանին։

Վկաներից առաջինն այսօր միայն հարվածի պահն էր լավ մտաբերում, իսկ միջադեպի մանրամասների վերաբերյալ հարցերին հիմնականում պատասխանում էր, թե լավ չի հիշում։

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը ցանկանում էր ճշտել, թե ինչու է ոստիկանը համոզված, որ հենց ակտիվիստի հարվածից է հոնքի պատռվածք ստացել Գեղամ Խաչատրյանը, երբ վերջինս ոչ միշտ է իր տեսադաշտում եղել։

Վկան պատասխանեց․ - «Ես տեսել եմ Գևորգ Սաֆարյանի հարվածը աջ ունքին, հետո ինչ ա եղել, չեմ կարող ասել»:

Փաստաբանի ճշտող հարցին, թե հարվածից անմիջապես հետո ինքը տեսե՞լ է վնասված հոնքը, վկան արձագանքեց․ - «Էդ պահին ոչ»:

Վկայություն տվող երկրորդ ոստիկանը նույնպես Գեղամ Խաչատրյանի վնասվածքը նկատել էր միայն միջադեպից հետո՝ ծառայողական մեքենայի մեջ, բայց կրկին պնդեց, որ պատռվածքը հենց Գևորգ Սաֆարյանի հարվածի հետևանքն է:

Պաշտպանական կողմն այսօր մի շարք հակասություններ արձանագրեց վկայություն տվող միևնույն գումարտակի երկու ոստիկանների ցուցմունքներում․ մեկը պնդում էր, որ տոնածառ տեղադրելու արգելքի հրահանգ են ստացել, մյուսը բացառում էր այդ հանգամանքը։ Երկուսն էլ, սակայն, ընդունում էին, որ քաշքշուկը ծագել է տոնածառի հանդերձանքով երիտասարդի Ազատության հրապարակ մուտք գործելու պատճառով: Ավելին, ասացին, որ միջադեպի ընթացքում իրենք ևս բազմաթիվ հարվածներ են հասցրել քաղաքացիներին, սակայն դրանք եղել են ինքնապաշտպանական նպատակով։

Հարցաքննությունից հետո պաշտպան Տիգրանը Հայրապետյանը հայտարարեց, որ ցուցմունքներում կեղծիքներ կան, և միջնորդեց անթույլատրելի համարել ապացույցները։ Դատավորը մերժեց միջնորդությունը՝ համարելով, որ այն ժամանակավրեպ է, և հետաձգեց նիստը։

Հաջորդ շաբաթ դատարանը կլսի ևս երկու ոստիկանի վկայությունները։