«Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը ընդդիմադիր ուժերի նկատմամբ հալածանքների շարունակությունն է»: Այսօր դատարանում նման հայտարարություն արեց մոտ կես տարի կալանքի տակ գտնվող՝ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը։
Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ճաղերի ետևում հայտնված Սաֆարյանի այսօրվա դատավարության առանցքային դրվագը միջադեպի մասնակից՝ որպես վկա հանդես եկող ոստիկանի հարցաքննությունն էր, որի խոսքում պաշտպանական կողմը բազմաթիվ հակասություններ արձանագրեց։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նախաքննական ու դատավարական ցուցմունքների տարբերությունները որակեց «քրեական գործի՝ շինծու լինելու ապացույց»:
Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Այսօր վկայություն տվող ոստիկանն արդեն 14 անգամ հարցաքննվել է, ամեն անգամ հստակորեն պնդելով՝ տեսել է, թե ինչպես է Գևորգ Սաֆարյանը հարվածում կապիտան Գեղամ Խաչատրյանին։ Ոստիկանության աշխատակիցն այսօր խոսում էր շատ ցածրաձայն, մանրամասների վերաբերյալ հարցերին կցկտուր պատասխաններ էր տալիս, արձանագրվող հակասություններն էլ պատճառաբանում էր վատ հիշողությամբ։
Հակասությունները ճշգրտելու համար Սաֆարյանի փաստաբանը միջնորդեց հրապարակել նախաքննական մարմնին ոստիկանի տված ցուցմունքները։ Տիգրան Հայրապետյանի պնդմամբ, տարբերություններն այնքան էական են, որ դատարանը պարտավոր է մեղադրական եզրակացությունից ընդհանրապես հանել այդ ոստիկանի ցուցմունքները՝ դրանք անարժանահավատ համարելու հիմքով։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, մինչդեռ, էական հակասություններ չարձանագրեց, սակայն բավարարեց փաստաբանի միջնորդությունը: Ոստիկանի նախաքննական ցուցմունքներին դատարանը կանդրադառնա վաղվա նիստում։