Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյան. Սա քաղաքական գործ է և իրավաբանության հետ ոչ մի կապ չունի


Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ.
Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ.

«Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Ուղիղ հինգ ամիս ճաղերի հետևում գտնվող ընդդիմադիր ակտիվիստն այսօր դատարանում հայտարարեց, թե հետապնդվում է քաղաքական հայացքների համար։

«Մեղադրողն ամեն կերպ փորձում է իրականում կոծկել այն ամենն, ինչ տեղի է ունեցել, ոստիկանության, քննչական մարմնի և դատախազության միջոցով փաստացի գործ սարքել և ապացուցել, որ իրականում ես այդ գործողությունը կատարել եմ։ Վստահ եմ, որ սա ընդամենը քաղաքական գործ է և իրավաբանության հետ ոչ մի կապ չունի», - ասաց Սաֆարյանը։

Ներկայացնելով մեղադրանքը՝ դատախազ Վահե Դոլմազյանը պնդեց՝ Ամանորի գիշերվա միջադեպը ընդդիմադիրներն են սադրել, Գևորգն էլ մի անգամ չէ որ հարվածել է ոստիկանին։

«Ոստիկանության ծառայողների հետ հրահրված վիճաբանության և քաշքշուկի ընթացքում հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանը բռունցքով հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ Գեղամ Խաչատրյանի աջ քունքային հատվածին, այնուհետև ոտքով հարվածել է նրա սրունքին, գցել գետնին», - ասաց դատախազը։

Գործով տուժող Գեղամ Խաչատրյանը այսօր դատարան էր ներկայացել։ Այս ոստիկանը ժամանակին նման ցուցմունք է տվել նաև Շանթ Հարությունյանի դեմ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով ճշտեց՝ պա՞րզ է արդյոք մեղադրանքը Գևորգին, ընդդիմադիր ակտիվիստը, սակայն, ասում էր՝ «ոչ»։

Դատավորի հարցին, թե մեղադրանքը մեկ անգամ ևս ընթերցելու կարիք կա՞, Գևորգը պատասխանեց՝ «ոչ»։ «Այդ դեպքում ի՞նչը պարզ չէ՝ որ մեղադրող կողմը գտել է, որ Գևորգ Սաֆարյանը կատարել է որոշակի գործողությո՞ւն։ Դուք գտնում եք, որ չե՞ք կատարել այդ գործողությունը, և այդ պատճառո՞վ եք ասում, որ պարզ չէ», - հարցրեց Մարտիրոսյանը։ Սաֆարյանը պատասխանեց. - «Ինձ պարզ չէ, թե ինչ է նշանակում քաղաքացիների կողմից հրահրված միջադեպ, ոստիկանությունը դո՞ւրս է եկել իր լիազորություններից, թե՞՝ ոչ»։

Գևորգի փաստաբան Տիգրան Հայրապետյանը շարունակեց՝ Գեղամ Խաչատրյանի ո՞ր պահանջին չի ենթարկվել Գևորգը, օրինակա՞ն էր արդյոք Ազատության հրապարակ տոնածառ բերելու արգելքը: «Մեղադրանքն արհեստածին է, անհիմն է, և սա իրականում նպատակ ունի սահմանափակելու Գևորգ Սաֆարյանի քաղաքական գործունեությունը», - ասաց Հայրապետյանը։

Չնայած դատախազի առարկությանը՝ դատարանը բավարարեց Գևորգի փաստաբանի միջնորդությունը՝ գործով ներգրավել ևս տասներեք վկաների, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Կարո Եղնուկյանին, ովքեր Ամանորի գիշերը հրապարակում են անցկացրել։

«Մեղադրանքի կողմը դատակոչի կազմում ընդգրկել է տասներեք վկաներ, որոնցից տասը ոստիկաններ են, մյուս երեք վկաները ստորգետնյա ավտոկայանատեղի աշխատակիցներ են, ովքեր չեն ճանաչել հավաքի մասնակիցներին և դեպքի մանրամասների մասին տվել են մոտավոր ցուցմունքներ», - ասաց փաստաբանը։

Հաջորդ դատական նիստին ուսումնասիրվելու են Ամանորի գիշերվա տեսանյութերը, ինչից հետո, փաստաբանը կարծում է` շատ բան ակնհայտ կլինի Գևորգին ազատ արձակելու որոշման համար:

Սաֆարյանին զորակցելու էր եկել այդ թվում նաև ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով բազմիցս դատարանի առջև կանգնած Վարդգես Գասպարին։ «Չեմ կարողանում չգալ։ Էս ներկա արդարադատության համակարգում ես միշտ անզորություն եմ զգում, որ չափազանց դժվար է ինչ-որ բան անելը, ոնց որ եղունգներով պատը քերելու նման մի բան է արդարություն պահանջելը։ Բայց մեկ է, ուրիշ ի՞նչ կարելի է անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG