Խորհրդարանն ավարտեց ԸՕ-ի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

Մինչև Ընտրական օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ քննարկման դնելը ընդդիմադիր պատգամավորները ևս մեկ անգամ բարձրացրին դրա շուրջ փոխհամաձայնության հասնելու անհրաժեշտության հարցը:

Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում ավարտեց Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը, ինչը զարմացրեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին․ - «Մենք էլ նախատեսել էինք, որ այս քննարկումները շատ ավելի երկար են տևելու»:

Ընդդիմադիր պատգամավորները նիստի մեկնարկին ևս մեկ անգամ բարձրացրին նախագծի շուրջ փոխհամաձայնության հասնելու անհրաժեշտության հարցը: «Բանակցությունները այդ առաջարկների [ընդդիմության և քաղհասարակության միասնական հինգ առաջարկների] ընդունման ուղղությամբ առայժմ որևէ արդյունք չեն տվել, այսինքն՝ կոնսենսուս չկա», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով, թե կանոնակարգի խախտմամբ չեն քննարկվել նաև ՀԱԿ-ի ներկայացրած այլ առաջարկները:

Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ փոխադարձ հայտարարություններ են արվել, որ կոնսենսուսը դեռ հնարավոր է, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հրապարակային երաշխիքներ պահանջեց, որ փոխհամաձայնության հարցը քննարկվի օրենքի ընդունումից հետո՝ չխախտելու Սահմանադրությամբ ամրագրված սեղմ վերջնաժամկետը․ - «Հրապարակային երաշխիքներ տրվեն, որ օրենքի ընդունումից հետո կանցկացվի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և՛ հնարավոր կոնսենսուսի հետ կապված խնդիրները, և՛ բազմաթիվ այլ առաջարկներ, որոնք ներկայացվել են քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից»:

Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ հարցը լրացուցիչ քննարկելու հնարավորություն կտրվի․ - «Պատրաստ ենք դա իրականացնել նաև արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով»:

Զուրաբյանը դրական գնահատեց քննարկումները շարունակելու հնարավորությունը, իսկ այս օրինագծին, հայտարարեց, որ դեմ են քվեարկելու․ - «Չգիտեմ ինչ կլինի ապագայում, բայց մինչև հիմա մենք առաջընթաց չունենք, որը կկարողանայինք ներկայացնել մեր հանրությանը: Հուսով եմ, այնուամենայնիվ, որ մեզ կհաջողվի արագորեն համաձայնություն ձեռք բերել, գոնե հասցնել մի վիճակի, երբ որ մենք կարող ենք վերսկսել 4+4+4 բանակցությունները և հասցնել այդ բանակցությունները կոնսենսուսի»:

Նոր Ընտրական օրենսգրքի հեղինակներից Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որ տեղ են գտել առաջին ընթերցումից հետո․ մասնավորապես, երկարացրել են բողոքների ներկայացման ժամկետը, հրաժարվել են տարածքային կուսակցությունների գաղափարից, քարոզարշավի կանոնները խախտող հեռուստաընկերություններին լիցենզիայից չեն զրկի, վստահված անձանց 20 րոպե կտրամադրեն՝ քվեարկությունից հետո ցուցակները սարքերի տպած մասնակցության կտրոնների հետ համեմատելու համար:

Ընդդիմադիրներին, սակայն, այս փոփոխությունները չեն բավարարում․ լուծված չեն բազմաթիվ առանցքային հարցեր։ Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) հայտարարեց, որ իր մտահոգությունները օրինագծի կապակցությամբ փարատված չեն․ - «Մենք գործ ունենք այնպիսի մի Ընտրական օրենսգրքի հետ, որտեղ մտավախություն կա և լուրջ սպառնալիք կա, որ պարզապես կվերարտադրվի Հանրապետական մեծամասնությունը, կամ ցանկացած այլ մեծամասնություն, որը չի վայելում բնակչության մեծ մասի աջակցությունը, որ, ըստ էության, այն, ինչ որ օգուտ է քաղաքական մեծամասնությունը Սահմանադրությունից իրեն վերցրել է, և այն, ինչ որ վնաս է, Ընտրական օրենսգրքի միջոցով խեղաթյուրել է: Մասնավորապես հիշեցնում եմ ձեզ այդ համամասնական համակարգը, որը ըստ էության պահպանված չէ օրենսգրքի նախագծով»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, էական չէ, թե ընդդիմության պահանջների որ մասը կկատարվի․ լավ ընտրություն կարելի է նաև գործող օրենքով անցկացնել՝ քաղաքական կամք է հարկավոր․ - «Մեզանում պրոբլեմը ոչ թե այն է, որ տասը մատով կգնան էլեկտրոնային քվեարկության, ոտի մատերն էլ կդնեն հետը թե ոչ, այլ պրոբլեմը այն է, թե կա արդյոք մեր երկրում քաղաքական կամք՝ գոնե մեկ անգամ անցկացնելու ազատ և արդար ընտրություն»:

Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին նաև այն շտապողականությունը, որով կատարվում են փոփոխությունները: «Խայտառակ մի շտապողականություն», - ասաց Լևոն Զուրաբյանը: - «Անգամ տունը երբ որ մարդ ընտրում է, շատ ժամանակ է ծախսում դրա վրա: Մենք հիմա պիտի կառուցենք մի տուն, որտեղ պիտի տարիներ շարունակ ապրենք: Այնպիսի մի վիճակ է, կարծես կոշիկ ենք առնում»:

Նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանը, եզրափակելով երկրորդ ընթերցումը, հայտարարեց, որ չնայած կոշտ քննադատությանը, շնորհակալ են ընդդիմության առաջարկների համար․ - «Կոնսենսուսը մենք շատ կարևորում ենք: Հույս ունենք, որ այն տեղի կունենա: Բայց եթե այն անգամ տեղի չունենա, մենք ունեինք մի խնդիր․ մենք պետք է ամրագրեինք այն բոլոր անհրաժեշտ գործիքները, որ եթե անգամ կոնսենսուսը տեղի չունենա, մենք ոչ միայն ունենանք բարձր մակարդակի, այլ որպեսզի նաև մեր ընդդիմադիր գործընկերները ունենան բավարար գործիքներ այն վերահսկելու համար»: