Փոփոխված սահմանադրությամբ նոր օրենսգրքը պետք է ընդունված լինի մինչև ամառ։
«Հունիսի 1 ժամկետը սահմանադրորեն իրավական ակտը ընդունելու ժամկետն է: Բայց այդ ընդհանուր կոնսենսուսի, եզրահանգման գալը կարող է լինել մինչև 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները: Ընտրական օրենսգիրքը դոգմատիկ մի օրենսգիրք չէ, որը ենթակա չէ այլևս փոփոխությունների: Այսինքն մենք կարող ենք նաև հետագայում նույնպես, եթե կլինեն ընդհանուր մոտեցումներ, մոտեցումները ամրագրելու առումով մենք որևէ սահմանափակում չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գերադասում է կոնսենսուսի հասնել մինչև հունիսի 1-ը, բայց «հետո»-ին էլ դեմ չէ․ - «Եթե անգամ չհաջողվի գալիք օրերին այդ կոնսենսուսը ձեռք բերել, բայց իշխանությունը ցույց տա պատրաստակամություն, որ պատրաստ է գնալ ընդառաջ հանրությանը, և ի վերջո մենք հասնենք կոնսենսուսի անգամ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, դա տեխնիկայի խնդիր է դառնում: Եթե կա քաղաքական համաձայնություն, կարելի է արտահերթ նիստ էլ հրավիրել, անմիջապես ընդունել այն բոլոր փոփոխությունները, որոնց շուրջ կայացել է այդ մեծ համաձայնությունը»:
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 պայմանական ձևաչափով բանակցությունները դադարեցին, երբ ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, թե իշխանությունը, ըստ էության, մերժել է իրենց միասնական պահանջները:
Դրանցից գլխավորը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անունների հրապարակումն էին համարում։
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, թե ընդդիմության պահանջները, թեկուզ առաջարկվող այլընտրանքների միջոցով, բայց բավարարել են։
Զուրաբյանը հավասարապես կարևորում է իշխանությանը ներկայացրած բոլոր 5 պահանջները․ - «Մենք չենք ձգձգում, մենք պատրաստ ենք հենց այն պահին, երբ իշխանությունը ազդանշան ուղարկի, այն ազդանշանը, որի մասին մենք խոսեցինք 4+4+4 ֆորմատով բանակցություններն առկախելիս, մենք պատրաստ ենք վերսկսել: Բայց այդ ազդանշանը պետք է բավարար զիջումներ պարունակի, ավելի ճիշտ՝ պատրաստակամությունը ցույց տա իշխանության՝ գնալ բավականին ծավալուն զիջումների և ընդառաջ գնալու հանրությանը»:
Եթե մինչև հունիսի 1-ը կոնսենսուսը ձեռք չբերվի, Հայ ազգային կոնգրեսը, Զուրաբյանի խոսքով, դեմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի նախագծին․ - «Եթե չի կայանում այդ կոնսենսուսը մեր դավանած սկզբունքների հիման վրա, ուրեմն սա մեզ համար անընդունելի է»:
Հարցին, թե արդյոք դեմ կքվեարկեն նաև այն դեպքում, եթե իշխանությունը մինչև վերջ չփակի բանակցությունների դուռը, Զուրաբյանն արձագանքեց․ - «Դա ի՞նչ նշանակություն ունի, ո՞նց կարող է ազդել մեր քվեարկության վրա․․․ Կոնկրետ այս պահին դա իրագործված չի»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ հնարավոր էր համարել լայն կոնսենսուսի ձեռքբերումը՝ միաժամանակ հայտարարելով, թե 4+4+4-ի կողմերը համատեղ փաստաթուղթ են պատրաստում։
Թե՛ իշխանական Հանրապետականը, թե՛ ընդդիմադիր ՀԱԿ-ը չեն հաստատում Ռուստամյանի հայտարարությունը։ Հովհաննես Սահակյանը, այնուհանդերձ, չի հերքում, որ քննարկումներ ընթանում են․ - «Ազգի մեծերը այսպիսի տերմին ունեն բարբառով՝ եթե մի քիչ քիչ բզբզաք, ամեն ինչ նորմալ կլինի: Կարծում եմ, կոնսենսուս մենք կունենանք»: